Հասարակություն

Փաստաբանական մենամարտեր վիրտուալ եւ իրական աշխարհում


Փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը փորձելու է հաշտեցնել  երեկ տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպի բոլոր մասնակիցներին: Սակայն փաստաբան Տիգրան Աթանեսյանը ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանին խորհուրդ է տալիս հեռու մնալ իրենից։ Ինչն էր փաստաբաների կռվի պատճառը, ինչու են բորբոքվել կրքերը:

Փաստաբաների պալատում կռիվ է ընկել: Ու արդեն երկու օր է  կրքերն  այստեղ չեն հանդարտվում:  Նրանք բաժանվել են երկու ճամբարների: Ջրբաժանն էլ  եղավ այն ժամանակ, երբ պալատի նախագահ ընտրվեց Արա Զոհրաբյանը: Բայց նախ ամեն ինչի մասին հերթով: Երեկ կեսօրին  հարձակման ենթարկվեցին փաստաբան Տիգրան Աթանեսյանն  ու վերջինս  գործընկեր  Արմեն Սողոմոնյանը:  Հարձակվել էին Փաստաբաների դպրոցի տնօրեն  Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, Գևորգ Մկրտչյանը,  Արսեն Հարությունյանը:

Արդյուքում՝ Արմեն Սողոմոնյանի ճակատի դրոշմվեց 6 բժշկական կար, իսկ Տիգրան Աթանեսյան էլ ստացավ մարմնական վնասվածք. ասում է, որ իրեն փորձել են խեղդել, իսկ երբ ցանկացել է դրսից օգնություն կանչել, հարձակում գործած չորս անձինք փախուստի են դիմել։

Երկու րոպե տևած կռիվի արդյուքում մի քանի հոգի ստացան մարմնական վնասվածքներ: Այսօր ասուլիս էր հրավիրել Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը։ Ասուլիսին ներկա էր նաև  դիմածնոտային վնասվածք  ստացած  Արսեն Հարությունյանը ու, ըստ  Բաբայանի, չէր կարողանում խոսել։

Հետևաբար, հարցերին պատասխանում էր Փաստաբանների դպրոցի տնօրենը: Իսկ որտեղից ծագեց ու ինչից սկսվեց:  Նրանց կռիվը  սկսվեց օնլայն տիրութում՝ «Իրավաբաններ ու փաստաբաներ» խմբում, որից հետո տեղափոխվեց իրական աշխարհ:  Եթե օնլայն տիրույթում փաստաբանները բավարարվում էին   մեկը մյուսին անձնական բնույթի հայհոյանքներ տալով, ապա  իրական կյանքում նրանք  դիմեցին բռունցքների օգնությանը:

Այդպես էլ պարզ չեղավ ինչով են հարվածել միմյանց։ Մինչև վերջ Բաբայանը  պնդեց, որ միայն քաշքշուկ է եղել: Տիգրան Աթանեսյանն էլ հերքեց, որ ինքը վիրտուալ տիրույթում անձնական բնույթի վիրավորանքներ է  հասցրել Բաբայանին: Ասում է, որ կռիվը սկսվել  է  այն պահից, երբ Աթանեսյանը քննադատել է պալատի գործունեությունը։ Ավելին՝ կասկածի  տակ է  առել պալատի նախագահ Արա Զոհրաբյանի իրավաբանական  կրթությունը: Հիշեցնեք, որ Արա Զոհրաբյանի  կենսագրականում գրված է, որ նա 1994-1999թթ. ավարտել է Երևանի «Գլաձոր» համալսարանի  իրավաբանական ֆակուլտետը։ Բայց և  նշված է, որ նա 1996-1998թթ. ծառայել է հայոց բանակում։

Տիգրան Աթանեսյանն ասում է, որ այս ամենի հետևում կանգնած է պալատի նախագահի Արա Զոհրաբյանը եւ հենց նա է կազմակերպել հարձակումը։ Սակայն Զոհրաբյանը հերքում է, որ կապ ունի այս ամենի հետ: Վստահեցնում է, որ  բոլոր մեղավորները կենթարկվեն պատասխանատվության։ Իսկ այսօր արդեն Փաստաբանների պալատը միջադեպի մասնակիցների նկատմամբ կարգապահական վարույթ  է հարուցել:

Նշենք, որ այս գործի առնչությամբ  Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի՝ ծեծի հատկանիշներով և ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

Մեկ դիտարկում ևս։  Սիմոն Բաբայանը դեռ երեկ հայտարարել էր, որ միջնորդություն են ներկայացնելու, որպեսզի   ոստիկանությունից նյութերը տեղափոխեն քննչական կոմիտե՝ Գործի օբյեկտիվ քննության համար, քանի որ Տիգրան Աթանեսյանը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանն է։ Սրանի ի պատասխան  Տիգրան Աթանեսյանը նշեց, որ այսօր արդեն ցուցմունք է տվել ու իր շահերը դատարանում պաշտպանելու է  փաստաբան Լուսինե Սահակյանը, իսկ Սիմոն Բաբայանը այդ պահի դրությամբ դեռևս ցուցմունք չէր տվել։

Back to top button