Վերլուծական

Ինչ սպասել վաղվա հանդիպումից


Ղարաբաղյան խնդիրը վաղը քննարկվելու է Մոսկվայում: Նալբանդյանն ու Մամեդյարովը Լավրովի միջնորդությամբ կխոսեն թերևս խնդրի կարգավորման ընթացքի մասին, սակայն հաշվի առնելու հանձնառությունների չիրականացումը Բաքվի կողմից  քաղաքագետները տարակուսանք են հայտնում հանդիպում բեկումնային որակելու հարցում:

Տևական դադարից հետո կրկին նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Վաղը Մոսկվայում  Սերգեյ Լավրովը, Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կքննարկեն ղարաբաղյան խնդրի կարգավորումը։ Ի՞նչ պետք է սպասել այս նոր հանդիպումից, այն դեպքում, երբ Բաքուն չի կատարել Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները. ոչ հետաքննության մեխանիզմներն են ներդրված, ոչ էլ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի աշխատակազմի լիազորություններն ու աշխատակազմն  է ընդլայնված։ Հարցին անմիջապես գալիս է պարզ պատասխան՝  վաղվա հանդիպումը որևէ տեղաշարժ չի գրանցի խնդրի կարգավորման գործընթացում: Եվ այս մտքին համամիտ են նաև քաղաքագետները:

Հրանտ Մելիք Շահնազարյանը մասնավորապես կարծում է, որ հանդիպումից առաջ Մամեդյարովի հայտարարությունները վկայում են, որ Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը և հանդիպումը միայն Մոսկվային ջանքերի շնորհիվ է տեղի ունենալու:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ, հիշեցնեմ,  հայտարարել էր, որ հետխորհրդային տարածքում առկա սառեցված հակամարտությունները, այդ թվում` ղարաբաղյան խնդրի լուծմանն ուղղված ԵԱՀԿ ջանքերը չեն վրիպում պաշտոնական Մոսկվայի ուշադրությունից:

Լավրով. «Մենք տեսնում ենք ԵԱՀԿ ձգտումը` օժանդակելու  Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում առկա խնդիրների լուծմանը: Թեև նշված հակամարտությունների կարգավորման ճանապարհին լուրջ խոչընդոտներ կան, սակայն արտաքին խաղացողները հակված են պայմաններ ստեղծել  հակամարտող կողմերի համար փոխզիջումային լուծման տարբերակներ գտնելու ուղղությամբ»,- ասում էր Լավրովը:

«Բլոգնյուս» կայքի գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր- Նակալյանի կարծիքով՝ սպասվող հանդիպումը թեև որևէ տեղաշարժ չի գրանցի սակայն հիմք կստեղծի Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու համար:

Վաղը  նախատեսված հանդիպումը սակայն, ըստ քաղաքագետ Մելիք-Շահնազարյանի, չի նշանակում տեղաշարժ բանակցային գործընթացում մինչև Բաքուն չկատարի ձեռք բերված պայմանավորվածությունները, վաղ է խոսել խնդրի կարգավորման մասին գործընթացի մասին:

Back to top button