Հասարակություն

Դեսպան Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել
Մինասյանը Հռոմում և Նեապոլում մասնակցել է Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված արարողություններին:

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ դեսպանը ապրիլի 23­-ին ներկա է եղել Հռոմի Սան Բարտոլոմեո եկեղեցում կազմակերպված միջոցառմանը, իսկ ապրիլի 24-­ին` Նեապոլի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում: Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև Նեապոլի արքեպիսկոպոս կարդինալ Սեպեն:

Նա Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի՝ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու կամարների ներքո Հայոց ցեղասպանության 100-­ամյա տարելիցին ձոնված խաչքարի մոտ աղոթք է հղել առ Աստված: Եկեղեցու տարածքը զարդարող խաչքարը Հին Ջուղայի ամենագեղեցիկ խաչքարի կրկնօրինակն է:

Այն կերտվել է 1,5 տարվա ընթացքում՝ ամբողջովին ներկայացնելով ադրբեջանցիների կողմից
ավերված Հին Ջուղայի մշակութային արժեքը: Նեապոլում Հայոց ցեղասպանության 102­րդ տարելիցի հիշատակի արարողությանը եկեղեցու խորանի մոտ են եղել նաև Գրիգոր Լուսավորչի կամ, ինչպես իտալացիներն են կոչում, Սուրբ Գրիգոր Հայի մասունքները, որը եկեղեցում վերազետեղվել է 2015թ. ապրիլի 11­ին՝ Հայոց ցեղասպանութան 100­րդ տարելիցի կապակցությամբ. հանդիսավոր այդ արարողությանը կարդինալ Սեպեն ներկաներին դիմել է «Բարի գալուստ Նեապոլ: Սա նաև հայերի տունն է» հայերեն ողջույնով:

Back to top button