Քաղաքական

ՍԴ-ն սկսել է «ՀԱԿ-ՀԺԿ»-ի՝ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումի քննությունը

Լուսինե Վասիլյանի հեռախոսային ռեպորտաժն «Ռադիոլուրի» եթերում

Սահմանադրական դատարանը սկսել է քննել ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու` «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումը:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկել է նախ լսել դիմող կողմի բացատրությունները, այնուհետև անցնել ներկայացված նյութերի քննությանը: ՀՀ ՍԴ նախագահն ամբիոնի մոտ հրավիրեց «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ, իրավաբան Տիգրան Եգորյանին` ներկայացնելու բացատրություններ` կապված դիմումի հետ: Տիգրան Եգորյանն ընդգծել է, որ ընդհանուր իրավիճակին ու խնդիրներին անդրադարձ կկատարի Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը, որից հետո կխոսի նաև փաստաբան Վահե Գրիգորյանը:

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով՝  ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ժողովրդի կամքի զանգվածային խեղաթյուրում էին:

«Ինձ մոտ դեժավյուի տպավորություն է, քանի որ նախկինում արդեն ՀԱԿ-ի հայցը ներկայացրել եմ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին: Ամեն անգամ ընտրությունները կեղծվում են, դրանք բողոքարկվում են, իսկ ՍԴ-ն գտնում է, որ խախտումներ չեն եղել»,- հայտարարել է Զուրաբյանը:

Զուրաբյանն անդրադարձել է նաև ընտրողների թվաքանակին` ընդգծելով, որ արժանահավատ չէ ընտրողների այն թիվը, որը հրապարակել էր ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը: Նրա խոսքով վերջին պաշտոնական մարդահամարի տվյալներով Հայաստանի բնակչության թիվը նվազել է, ուստի արժանահավատ չէ, որ 2017թ. ապրիլի 2-ին կայացած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու իրավունք ունեին 2 միլիոն 588 հազար քաղաքացի:

Back to top button