Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները պահանջում են կառույցի ղեկավարի հրաժարականը: Այս աննախադեպ իրավիճակով է այսօր մեկնարկել ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Վեհաժողովի նախագահի գործողություններից դժգոհության հերթական առիթը վերջերս Սիրիա կատարած այցելությունն է: Նիստի մեկնարկին ԵԽԽՎ նախագահը ստիպված է եղել նախ ներողություն է խնդրել, ապա ընդմիջել նիստն ու այլևս չվերադառնալ դահլիճ: Որոշվել է, որ վաղը հանրային լսումներ կկազմակերպվեն ու ԵԽԽՎ նախագահը կպատասխանի խումբ-խմբակցությունների ներկայացուցիչներին հետաքրքրող բոլոր հարցերին:
Աննախադեպ իրավիճակ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում: Եվրապատվիրակները չեն հիշում մեկ այլ դեպք, երբ նիստերի դահլիճում բարձրացվի ԵԽԽՎ նախագահին անվստահություն հայտնելու հարցը և դրվի նրա հրաժարականի պահանջը: Այդ նախադեպն արձանագրվեց այսօր մեկնարկած նստաշրջանի ընթացքում: Հենց առաջին նիստի մեկնարկին բարձրացվեց վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտին անվստահություն հայտնելու հարցը: Նրա գործողություններից դժգոհության հերթական առիթը վերջերս Պետդումայի ռուս պատգամավորների հետ Սիրիա կատարած այցելությունն է: Այն եվրապատվիրակների շրջանում միանշանակ չի ընկալվել և դարձել է խիստ քննադատության առարկա, առավելապես այն պատճառով, որ Ագրամունտը Վեհաժողովի կամ նրա որևէ կառույցի կողմից լիազորված չի եղել նման այցելություն կատարելու: Ենթադրելով քննարկման սպասվող նոտաները, Ագրամունտը նիստը սկսեց հայտարարությամբ և ադարացումներով: Նախորդ ամիս իմ այցը Սիրիա եղել է մեծ սխալ՝ ասաց Ագրամուտը և սխալի համար Վեհաժողովի պատվիրակներից ներողություն խնդրեց:
«Իմ հաջորդ սխալը Վեհաժողովում այս այցի արձագանքների թերագնահատումն էր։ Միշտ կողմ եմ եղել երկխոսությանը, երբ հարցը վերաբերում է մարդու իրավունքներին և կարծում էի, որ ճիշտ է լսել Ասադին։ Երկրորդ սխալն այս այցի մասին Բյուրոյին ու քաղաքական խմբերի ղեկավարներին նախապես պատշաճ չտեղեկացնելն էր»։
Ագրամունտը նաև հավելեց, որ իր այցը եղել է Իսպանիայի սենատի կողմից կազմակերպված, և ոչ ԵԽԽՎ-ի։ Բացատրությունները, սակայն, համոզիչ չէին: Հաջորդեցին Վեհաժողովի պատվիրակների սուր հայտարարությունները. «Ձեր ներողությունը ազդեցիկ է, բայց համոզիչ չէ», «Ձեր գործողությունները վարկաբեկում են կառույցի հեղինակությունը», «Ամենաողջամիտ քայլը կլինի Ձեր հրաժարականը»: Ագրամունտը նախագահությունում ստիպված էր լսել մոտ տասնյակ նման հայտրարրաւոյթուններ: Նրանցից մեկը Հայաստանի պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանինն էր:
« Վեհաժողովում ներկայացված բոլոր քաղաքական խմբերը համակարծիք են, որ Դուք պարոն նախագահ, կորցրել եք Ձեր վստահությունը ոչ միայն հարազատ ԵԺԿ-ում, այլև ԵԽԽՎ-ում: Սա կոչվում է քաղաքական ճգնաժամ ու այն հանգուցալուծելու այլ ողջամիտ ճանապարհ, քան Ձեր հրաժարականն է, գոյություն չունի»:
Պեդրո Ագրամունտը ստիպված էր ընմիջել նիստը, իսկ ընդմիջումից հետո նիստերի դահլիճ չվերադառնալ: Հայաստանի պատվիրակության անդամներից Նաիրա Կարապետյանը «Ռադիոլուրին» հեռախոսով տեղեկացրեց, որ վաղը հանրային քննարկում է նախատեսվում, որի ժամանակ բոլոր խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան Ագրամունտին ուղղել իրենց հետաքրքող բոլոր հարցերը: Ինչ վերաբերում է կանոնակարգով նախատեսվող հնարավորություններին, ապա իրավիճակն այսպիսին է:
« Կանոնակարգը հետկանչի մեխանիզմներ չի նախատեսում և միակ տարբերակը Ագրամունտի ինքնակամ հեռանալն է: Թե որքանով նրա մեջ կարթնանա բարոյականությունը, ցուցյ կտա ժամանակը»:
Մեր պատվիարկության անդամներից Սամվել ֆարմանյանը շատ ավելի լավատես է ու վստահ, որ հրաժարականից բացի այլ հանգուցալուծում իրավիճակը չի ենթադրում:
«Համենայն դեպս սա այն տիրապետող մթնոլորտն է, որ այսօր կա Վեհաժողովում: Դժվար է այստեղ գտնել մեկին, ով աջակցում է Պեդրո Ագամունտին: Նա համակողմանի ճնշման տակ է, կորցրել է վստահությունը այն քաղաքական խմբում, որն իրեն առաջադրել է, կորցրել է վստահությունն ամբողջ Վեհաժողովում և այլ քաղաքակիրթ ճանապահ, քան հրաժարակնն է , չունի»:
Շատ բան կհստակեցվի վաղվա քննարկումից հետո: Եթե հրաժարականն այնունամենայնիվ ներկայացվի, Պեդրո Ագրամունտը պատմության մեջ կմնա որպես ԵԽԽՎ առաջի նախագահ, որը վեհաժողովականների պահանջով ստիպված է եղել լքել պաշտոնը: