Հասարակություն

Աշխարհի մեծերը՝ Հայոց ցեղասպանության մասին


Մինչ տարբեր միջազգային հարթակներում փորձում են վերլուծել եւ հասկանալ Հայոց ցեղասպանության հարցերը, փաստերն ուսումնասիրելու համար առաջարկում են ստեղծել պատմական հանձնաժողով եւ մշակում են այլ քայլեր, պատմությունն ունի արդեն հավաքագրված կարծիքներ այդ իրադարձությունների վերաբերյալ: Քաղաքական գործիչներից, դիվանագետներից մինչեւ մշակույթի գործիչներ, ընդ որում՝ տարբեր ազգեր եւ պետություններ ներկայացնող: «Ռադիոլուրը» առաջարկում է վերհիշել, թե ինչ են ասել ժամանակին հայտնի գործիչները եւ ինչ վկայություններ են ունեցել հայերի հանդեպ Թուրքիայի վարվող քաղաքականության վերաբերյալ:

 

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան Կայսրությունում Միացյալ Նահանգների դեսպան Հենրի Մորգենթաուն եւ Գերմանիայի դեսպան Հանս Վանգենհայմը իրենց պետությունների ղեկավարներին զգուշացնում էին՝ Թուրքիան զբաղվում է անիրավչությամբ եւ իրագործում իր սեփական ծրագրերը:

«Ես համոզված եմ, որ մարդկության ողջ պատմության մեջ չկա այնպիսի ահասարսուռ դեպք, ինչպիսին սա է: Հայկական ընտանիքների տեղահանումների մասին 1915 թվականի հրամանները շատ պարզ մահապատիժ է ողջ ազգի համար:

Եթե սկզբում հայերի տեղահանումը սահմանափակվում էր միայն այն նահանգներով, որոնք մոտ էին կովկասյան ճակատին,  ապա դրանից հետո Թուրքիայի իշխանությունն այդ գործողությունները տարածեց երկրի այն տարածքների վրա, որոնք չէին գտնվում թշնամու ներխուժման սպառնալիքի տակ: Այդ գործողությունները, տեղահանման տարբերակները վկայում են, որ թուրքական իշխանության հիմնական նպատակը Թուրքիայում հայ ազգի ոչնչացումն է»:

Հայ-թուրքական, թե ցանկացած այլ պատմական հանձնաժողովից ավելի խոսուն փաստեր ունի հենց պատմությունը: Կովկասում Գերմանիայի ռազմական առաքելության ղեկավար Ֆոն Կրեսը 1918 թվականի օգոստոսի 5-ի զեկույցում գրել է հետեւյալը.

«Ներկա պահին Թուրքիան ցանկանում է Ադրբեջանի տարածքով գրոհի անցնել  հայերով բնակեցված Ղարաբաղի ուղղությամբ, կոտորել այնտեղի հայերին՝ պատճառաբանությամբ, թե նրանք ագրեսիվ են տրամադրված մահմեդականների հանդեպ: Թուրքիայի քաղաքականությունը պարզ է:  Նրանց նպատակն է ոչնչացնել հայերին: Հայերին հետապնդում են որտեղ հնարավոր է, նրանց հրահրում են եւ ստանում պատրվակներ նոր հարձակումների համար: Իսկ եթե դա չի հաջողվում՝ նրանց մատնում են սովի եւ չքավորության»:

Թուրքիայի քողարկված նպատակների մասին ահազանգել եւ խոսել են շատերը՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ  Լլոյդ  Ջորջը, ԱՄն նախագահ Թեոդոր Ռուզվելտը, Նոբելյան մրցանակակիրներ  Ֆրիտյոֆ նանեսենն ու Անատոլ Ֆրանսը: Մեծ Բրիտոնիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը ժամանակին ասել է.

« 1915 թվականին Փոքր Ասիայում ապրող հայերի հանդեպ թուրքական իշխանությունը  նախաձեռնեց տեղահանումների եւ կոտորածների զանգվածային եւ անգութ քաղաքականությունը: Մոտավոր հաշվարկներով՝ այդ ճնշումների ենթարկվել է շուրջ 1.5 միլիոն հայ, որոնց կեսից ավելին զոհվել է: Որեւէ կասկած չկա, որ այդ հանցագործությունը մտածել եւ իրագործել են քաղաքական նպատակներով»:

ԱՄՆ նախագահներ Ռոնալդ Ռեյգանը, Ջորջ Բուշը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը նույնպես խոսել եւ դատապարտել են կատարվածը:  Ժամանակին անգամ խորհրդային գործիչներն են խոսել Մեծ եղեռնի մասին։ 1925 թվականի նոյեմբերի 29-ին Սերգո Օրջոնիկիձեն հայտարարել է. «… ժամանակակից պատմության մեջ քիչ են ազգերը, ովքեր ունեցել են այդպիսի մեծ  զոհեր, ինչպես հայերը, եւ քիչ են երկրներ, որտեղ այդքան շատ արյուն է թափվել, ինչքան Հայաստանում …»:

Ռուս Գրականագետ, թարգմանիչ եւ պատմաբան Վալերի Բրյուսովն իր հերթին ասել է հետեւյալը.

«Մենք՝ ռուսներս, ինչպես եւ ամբողջ Եվրոպան, հիշում ենք հայերին միայն այն ժամանակ, երբ նրանց անհրաժեշտ է փրկող ձեռք՝ սուլթանի գազազած խմբերի կողմից ոչնչացումից խուսափելու համար: Մինչդեռ, հայերն ունեն աշխարհի ուշադրությանն արժանանլու  ավելի բարձր իրավունք: Դա այն եզակի մշակույթն է, որը զարգացրել է հայ ազգը իր դարավոր ինքնուրույն գոյատեւման ընթացքում եւ այն բացառիկ հարուստ գրականությունը, որը Հայաստանի թանկագին ներդրումն է մարդկության գանձարանի մեջ»:

Պատմությունից հայտնի է, որ բազմաթիվ ականավոր գործիչներ արտահայտվել են Հայոց ցեղասպանության մասին թե այդ օրերին, թե հետո: Շատերին է հայտնի Հիտլերին վերագրվող արտահայտությունը՝ «Ով է այսօր հիշում հայերի կոտորածի մասին», որով նա փորձում էր արդարացնել իր մարդատյաց քաղաքականությունը: Եվ ահա սա է լավագույն վկայությունը, որ 20-րդ դարի առաջին ցեղասպանության անտեսումը իր հետեւից բերեց նոր ցեղասպանություններ Ռուանդայում, Սոմալիում, Իրաքում, Դարֆուրում: …. Ցավալի է, բայց թվարկումը կարելի է դեռ շարունակել նաեւ այսօր աշխարհում տեղի ունեցող  իրադարձություններով:

Back to top button