105 ամյա Սիրվարդ տատը Մուսա լեռան հերոսապատման ու իր ընտանիքի փրկության մասին
Ողջ մնացած յուրաքանչյուր հայ իր ապրած կյանքով ու անցյալի հիշողությամբ մի անգնահատելի պատմություն է, կենդանի վկայություն ու նման մի թանկարժեք պատմություն էլ «Ռադիոլուր»-ին պատմել է Սիլվարդ Ատաջյանը:
Կենդանի վկայություն դարձած Սիլվարդ Ատաջյանը հիշում է պատմության արյունալի էջը մանրամասներով: Հիշում է թե ինչպես վիրավոր հորեղբորը սպանեցին թուրքերը՝ նետելով գետը, ինչպես հրաշքով փրկվեց իրենց ընտանիքը:
«Հորեղբորը գետը նետեցին, իսկ հայրը վիրավորվեց ու թաքնվեց»:
Հետո բարձրացավ Սիլվարդ տատի հայրը Մուսա լեռ, նրան հետևեց կինը, ու հայերը կենաց մահու պայքար մղեցին թուրքական յաթաղանի դեմ։ Քահանան հրահանգել էր՝ չհանձնվել՝ հիշում է Սիլվարդ տատը. «Մեծ ու փոքր պետք է ջուրը նետվեինք»:
Մուսա լեռան վրա ծվարած 53 օր աղոթքով ու դողով, պայքարելով, մարտնչելով, բայց սպասումով ապրելուց հետո վերջապես լույս բացվեց, մոտեցավ հսկա նավը, հզոր ճառագող փրկության լույսի պես ու ազատագրեց ահ ու դողով պրող Սիլվարդ Ատաջյանի ընտանիքը:
«Նավը փրկության հասավ»:
Փոքր նավը գալիս է ու Մուսա լեռան վրա գտնվող հայերը պատմում են, որ ուժերն արդեն հատել են, որ չեն կարողանում էլ պայքարել ու եթե օգնություն չհասնի՝ իրենք կհանձնվեն: 8 օր հետո օգնությունը հասնում է. «Տանում են Եգիպտոս մեզի»:
Եվ Սիլվարդ տատի ընտանիքը Մուսա լեռան վրա անցկացրած 53 օր
վա տառապանքներից հետո փրկվեց՝ օգնության հասած ֆրանսիացիների օգնությամբ։ Նրանք հայտնվեցին Եգիպտոսում, ապա վերադարձան իրենց բնակավայր, ինչը սակայն երկար չտևեց։ Հաջորդեց նոր տեղահանություն՝ այս անգամ Հալեպ:
Այսօր Երևանում բնակվող 105- ամյա Սիլվարդ տատը իր կամքով հաղթել է դառը հիշողությունները ու ապրում է հույսով և հավատով, որպես ցեղասպանության կենդանի ապացույց: