ՎերլուծականՔաղաքական

Չպետք է վախենալ Ցեղասպանության հարցով դիմել ՄԻԵԴ՝ կարծում են պատմաբանները

Միջազգային իրավաքաղաքական համակարգը բավականաչափ հասուն է ցեղասպանություն երեւույթը դատապարտելու եւ ցեղասպան կողմին պատժելու համար՝ կարծում է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին: Նրա խոսքով, սակայն, դրան խոչընդոդող հանգամանք են շարունակում մնալ առանձին տերությունների աշխարհաքաղաքական շահերը: Այդուհանդերձ, ըստ նրա, ներկայումս Հայոց ցեղասպանության հարցով ՄԻԵԴ դիմելու համար բավականին բարենպաստ աշխարհաքաղաքական իրավիճակ է ստեղծվել եւ պետք չէ վախենալ այդ գործընթացից: Նույն կարծիքին է նաեւ ԳԱԱ-ի պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Նա շեշտում է, որ այդ ուղղությամբ թղթածրարի պատրաստման աշխատանքներն ընթացքի մեջ են, որում արված հստակեցումների մասին բարձրաձայնելը, սակայն, հասկանալի պատճառներով նպատակահարմար չէ:

 

Պատմաբան Աշոտ Հայրունին ԱՄՆ նախագահի կողմից «Ցեղասպանություն» տերմինի արտաբերումը չի կարեւորում: Փոխարենը՝ բավականին շահեկան է համարում Գերմանիայի կողմից ընդունված բանաձեւը, որում շեշտադրվել էր նաեւ Հայոց ցեղասպանության հարցում Գերմանիայի մեղսակցությունը: Պատմաբանը նկատում է, որ աշխարհաքաղաքական շահերը դեռեւս որոշիչ են տարբեր երկրների համար՝ Հայոց ցեղասպանության ճանաչման տեսանկյունից: Այդ առումով էլ, ըստ Աշոտ Հայրունու, Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման հարցով ՄԻԵԴ դիմելու համար ներկայումս բավականին նպաստավոր աշխարհաքաղաքական իրավիճակ է:

«Հիմա աշխարհաքաղաքական շահերով պայմանավորված ռիսկերը, կարելի է ասել, նվազագույնի են հասցված՝ հաշվի առնելով Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ մեծ խորացում ապրող հակասությունները: Թուրքիայի ներքին եւ արտաքին ճգնաժամի հասունացումը, որը հարաճուն միտումներ է ցուցաբերելու նաեւ մոտակա տարիներին: Այսինքն՝ այս պայմաններում մեզ համար շատ ավելի նվազ ռիսկային նշանակություն ունի ՄԻԵԴ-ի անդամ պետությունների՝ սեփական աշխարհաքաղաքական շահերից ելնելով Ցեղասպանության հարցի շահարկումների հնարավորությունը:

Նույն կարծիքին է նաեւ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: Նրա գնահատմամբ՝ 2015-ի համազգային հայտնի հռչակագիրը ջրբաժան եղավ: «15-ի կարեւոր նվաճումներից մեկը, մեր կարծիքով, բարդույթի հաղթահարումն էր, որովհետեւ հայ ժողովւրդը ցեղասպանված ժողովրդից աստիճանաբար վերածվում է պահանջատեր ժողովրդի»:

Այդ ուղղությամբ թղթածրարի պատրաստման աշխատանքները շարունակվում են ստեղծված խմբի կողմից, որում ներառվել են նաեւ ճանաչված մասնագետներ Սփյուռքից:  Բավականին աշխատանքներ տարվել են: Ավելին բարձրաձայնելը, հասկանալի պատճառներով, նպատակահարմար չէ՝ հավելեց Արմեն Մարուքյանը: Նա կարեւորեց նաեւ ՍԻՍ-ի կաթողիկոսության սկսած գործընթացը, որն այսօր արդեն Եվրոպական դատարանում է:

Պատմաբան Աշոտ Հայրունու խոսքով՝ չպետք է վախենանք նաեւ, որ Հայոց ցեղասպանության հարցով ՄԻԵԴ դիմելիս կարող է հանկարծ, այդ աշխարհաքաղաքական շահերով առաջնորդվող մոտեցումները հաղթեն եւ այդ դատավարությունը ձախողվի: «Եթե նույնիսկ ձախողվի, մենք դրանից դասեր ենք քաղելու՝ սխալների հետ կապված, եւ երկրորդ անգամ նույն քայլը ձեռնարկելիս մենք շատ ավելի սխալներից զերծ կերպով կկատարենք այդ քայլը:

Միաժամանակ, պատմաբանը կարծում է, որ մեր պատմագիտությունը պետք է շարունակի միջազգային հանրությանը առավել հասկանալի դարձնել այն հանգամանքը, որ ցեղասպանությունների դասակարգումն անհեթեթություն է, ինչը մուտք է գործում նաեւ քաղաքական փաստաթղթեր: Խոսքը նրա մասին է, որ, օրինակ, Գերմանիայի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւում տեղ է գտել Հոլոքոսթի եզակիությունը շեշտող միտքը: Պետք է տարբեր լեզուներով ընկալելի դարձնել, որ նման բան չկա եւ դա կարելի է անել ցեղասպանությունների պատմահամեմատական քննությունը խթանելով՝ եզրափակեց Աշոտ Հայրունին:

 

Back to top button