Հասարակություն

Կստեղծվի Տեղեկատվության ազատության խորհուրդ


Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները օրինագծի որոշ  դրույթների հետ կապված մտահոգություններ ունեն: Մասնավորապես՝ առաջարկվում է ստեղծել Տեղեկատվության ազատության խորհուրդ, որը գործելու է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին առընթեր:

Տեղեկատվության ազատությունը պետական կառավարման համակարգի թափանցիկության ու արդյունավետության ապահովման, ինչպես նաեւ հակակոռուպցիոն կարևորագույն գործիք է: Եվ ահա՝ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Տեղեկատվության ազատության մասին» 2003թ օրենքում փոփոխությունների օրինագիծը։ Այս ոլորտում բարեփոխումները մեկնարկել են դեռ երկու տարի առաջ՝ ասում փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

Նոր փոփոխություններով՝ նախատեսվում է զարգացնել արտադատարանական մեխանիզմները և տեղեկատվության ազատության ոլորտում համապատասխան  լիազոր մարմին  ստեղծել։ Այն գործելու է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին առընթեր և կզբաղվի վերը նշված խնդիրների կարգավորմամբ: Որ ոլորտը բարեփոխումների կարիք ունի՝ բազմիցս բաձրաձայնել է հատկապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնը:  Միևնույն ժամանակ, ուսումնասիրելով օրենքի նոր նախագիծը, կազմակերպության ղեկավար Լիանա Դոյդոյանը պնդում է, որ այն հետընթաց է և չի արտացոլում կառավարության հայտարարած բարեփոխումների էությունը:

Իսկ ի՞նչն է խանգարում ՄԻՊ-ի գրասենյակին իրականացնել տեղեկատվության ազատության պաշտպանության գործառույթները: Անդրադառնալով հարցին՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ Լուսինե Սարգսյանը հայտնեց, որՎենետիկի հանձնաժողովը թե ՀՀ-ին, թե այլ երկրներին առաջարկել է զերծ մնալ օմբուդսմենական այլ հաստատություններ հիմնելուց: Առավել նպատակահարմար է ուժեղացնել ՄԻՊ-ի ազգային հաստատությունը՝ տալով նրան բոլոր իրավական հիմքերը: Ուստի՝ ՄԻՊ-ի գրասենյակը  դեմ չէ, որ այլ լիազոր մարմին էլ լինի, միայն թե այն չպետք է կրկնի ՄԻՊ-ի գործառույթները:

Օրենքի նոր նախագիծը, ըստ էության, առաջին հերթին վերաբերում է լրագրողներին: Ուստի՝ «Ռադիոլուրը» նաև գործող լրագրողներից հետաքրքրվեց, թե արդյո՞ք տեղեկատվության ազատության արտադատարանական մարմին ստեղծելու անհրաժեշտություն կա:

Ի պատասխան բոլոր մտավախություններին՝ արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը հավաստիացնում է՝ նոր մարմնի ստեղծումն ինքնանպատակ չի լինելու և այն դեռ քննարկման փուլում է, որին կարող են մասնակցել շահագրգիռ բոլոր կողմերը:

Back to top button