Հասարակություն

Անհապաղ քայլեր ձեռնարկել զոհված զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար. ՀՀ նախագահ


Զոհված և առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին բնակարաններով ապահովելու խնդիրը պետք է լուծվի մինչև 2019 թ.-ի ավարտը. այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ «Ազգ-բանակ» խորագրով համաժողովի բացման ժամանակ: Ռազմակրթական ոլորտի հիմնախնդիրներին նվիրված համաժողովը բավականին ներկայացուցչական է, քննարկվող հարցերի օրակարգը՝ բազմաշերտ՝ սկսած «Ազգ-բանակ. անվտանգության բանաձեւ»-ի կիրառելիությունից մինչեւ Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները: Համաժողովի շրջանակում Մարզահամերգային համալիրի տարածքում մինչեւ ապրիլի 23-ը կգործի ցուցահանդես, որտեղ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատություններ կներկայացնեն իրենց ուսումնական պայմաններն ու ծրագրերը,  արձանագրած հաջողությունները:

 

«Ազգ-բանակ-2017» համաժողովի մասնակիցներն առաջին տպավորությունը ստանում էին համաժողովի շրջանակներում վաղը պաշտոնապես բացվելիք ցուցահանդեսից: Այստեղ են նաեւ պատանի երկրապահները, նաեւ՝ պարմանուհիներ: Նրանք իրենց հստակ պատկերացումներն ունեն խորագրի մասին:

Ցուցահանդեսի առաջին այցելուներից էր նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Նա շրջեց տաղավարներով, եղավ զինվորական դաշտային խոհանոցում, դիտեց առանձին հարթակներում և տաղավարներում ներկայացված սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշները, ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրատեսակները, ծանոթացավ կրթական ոլորտի մի շարք առաջատար հաստատությունների ներկայացրած կրթական ծրագրերին ու արձանագրած հաջողություններին:

«Այբ» դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արայիկ Կարապետյանը հպարտությամբ է ներկայացնում իր կրթական հաստատության ռոբոտաշինության ակումբի ձեռքբերումները: Միջազգային մրցույթներում էլ հաջողություններ հասցրել են ունենալ: Համաժողովի մասնակիցներից ցուցահանդես այցելած Բորիս Վարդանյանին հատկապես հետաքրքրել էր ռազմական բժշկության տաղավարում ցուցադրվող առաջին բուժօգնությունը.

Ցուցահանդեսի տաղավարներում շրջելուց հետո, նախագահ Սերժ Սարգսյանը  մասնակցեց «Ազգ-բանակ» համաժողովի պաշտոնական բացմանը: Համաժողովը բավականին ներկայացուցչական էր՝ պաշտպանական և կրթական գերատեսչությունների պատասխանատուներ, հանրակրթական ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներ, ուսուցիչներ, դասախոսներ, զինղեկեր, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Քննարկվող օրակարգը՝ «Ազգ-բանակ. անվտանգության բանաձեւ»-ի կիրառելիությունից մինչեւ Հայաստանում ռազմական կրթության հնարավորություններն ու հեռանկարները:

Փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա որևէ համակարգային հարց, որը հնարավոր լինի լուծել առանձին վերցրած ոլորտի շրջանակներում, ուստի անհրաժեշտ են համալիր հարցադրումներ, մոտեցումներ և լուծումներ՝ համաժողովի բացման ելույթում նշեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ «Ազգ-բանակ»   համաժողովն էլ մի միջոց է՝ ավելի ամրացնելու մեր հասարակության, հատկապես երիտասարդության կապը մեր Զինված ուժերի հետ:

«Մենք պետք է վերանայված քաղաքականությամբ, հետևողական քայլերով շարունակենք ամրապնդել մեր հասարակության հարգանքն ու սերը դեպի Հայոց բանակը: Պետությունը շարունակելու է գործնական քայլեր ձեռնարկել սպայական մասնագիտությունն ընտրած իր քաղաքացիների նկատմամբ: Ինչպես նաև շարունակելու է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհած կամ ծառայության արդյունքում հաշմանդամություն ստացած մեր զինծառայողների և նրանց ընտանիքների հանդեպ հատուկ հոգատարություն ցուցաբերելու իր քաղաքականությունը: Ի դեպ, ես արդեն հանձնարարել եմ Պաշտպանության նախարարին, որպեսզի անհապաղ գործուն քայլեր ձեռնարկի զոհված և առաջին կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին բնակարանով ապահովելու համար: Այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի և այս խնդիրը վերջնականապես պետք է լուծվի ամենաուշը մինչև 2019 թվականի ավարտը: Հանձնարարել եմ նաև անհապաղ ուսումնասիրել և լուծում տալ սեփականաշնորհման ենթակա՝ պաշտպանության նախարարության այն բնակարանային ֆոնդի օտարմանը, որը զբաղեցնում են սեփական բնակարանի փոխհատուցման իրավունք ձեռք բերած մեր զինծառայողները»:

Հայրենասիրական դաստիարակությունն ամրապնդելու համար առաջին հերթին պետք է ամրապնդել Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու մեջ տիրոջ զգացումը: Երկրի ամենալավ պաշտպանն այն մարդն է, ով գիտակցում է իր բաժին պատասխանատվությունը հայրենիքի համար՝ շեշտեց նախագահը: Աշխատանք, որում մեծ դեր է վերապահված կրթական համակարգին: Այդ մասին խոսեց ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը՝ հույս հայտնելով, որ.

«Քննարկումների ժամանակ կկարողանանք շատ գործնական լուծումների հանգել եւ, իսկապես, դարձնել այս համաժողովը մի սկիզբ, որ համահունչ է լինելու այն մեծ կարգախոսին, որ հռչակվել է՝ «Ազգ-բանակ» կարգախոսը: Հայաստանի կրթական համակարգի հիմնական խնդիրը հայ տեսակի շարունակականության ապահովումն է, որտեղ անկյունաքարային է հայրենասիրական գաղափարախոսության ամրագրումը: Այսօր ունենք բանակ-դպրոց ամուր կապ, հայրենասիրական կրթական քաղաքականություն իրականացնող պրոֆեսիոնալ համակարգ և հասել է պահը, որ խոսենք ավելի մեծ, ամբցիոզ փուլին անցնելու անհրաժեշտության մասին»:

Լևոն Մկրտչյանը նշեց, որ առաջիկայում դպրոցները պետք է ապահովել տեխնիկական լուծումներով, վերապատրաստել ուսուցչական անձնակազմը,  սակայն, ամենակարևոր փոփոխությունը, դիմելով ուսուցիչներին՝ շարունակեց նախարարը,  մենք պետք է կարողանանք մեր մեջ կատարել, եթե մենք չփոխենք մեր գործեալոճը ապա կստանանք գեղեցիկ հայեցակարգ, որը դժվար կլինի իրականցնել:

Նախարարի խոսքով՝ կրթական ոլորտի մեծ առաքելությունն է, որ կարողանա ազգ-բանակ գաղափարախոսությունը մատչելի և հասանելի դաձնել յուրաքանչյուր ընտանիքի համար: Դրա համար ունենք հնարավորություններ և  նախագահի «կանաչ լույսը»՝ եզրափակեց Լեւոն Մկրտչյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարեց, որ  նախատեսել են ռազմակրթական ոլորտին առնչվող երկու նոր նախագիծ ներկայացնել։ Համաժողովն էլ համարում է հանրային քննարկման շրջափուլ.

«Առաջին ծրագիրը պայմանական կոչվում «Պատիվ ունեմ», որն ուղղված է սպայական մասնագիտության հանդեպ նոր հետաքրքրություն խթանելուն:  Գաղափարախոսությունն է բուհական տարկետումը կապել ապագա սպայական ծառայության հետ: Այսինքն՝ բուհական տարկետում ստանալու հնարավորություն վերապահել այն երիտասարդներին, որոնք որոշում են, որ ավարտելուց հետո պատրաստ են երեք տարվա վճարվող սպայական նշանակում ստանալ»:

Հանրային քննարկման առաջարկվող երկրորդ ծրագիրը պայմանականորեն կոչվում է «Ես եմ»։ Նպատակն է՝ խրախուսել նրանց, ովքեր իրենք են կայացրել առաջնագծում ծառայություն անցնելու որոշումը. «Այն նորակոչիկները, ովքեր ցանկություն կհայտնեն, ծառայություն իրականացրել մարտական հերթապահության իրականացնող զորամասում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի՝ ժամկետային պայմանագրային»:

Այս ծառայությունը եւս կտեւի 3 տարի, սակայն, 5 ամիս ուսումնական փուլից հետո կգործի 1+1+2 բանաձեւը, այսինքն՝ յուրաքանչյուր ամիս մեկ շաբաթ տանը, մեկ շաբաթ զորամասում մարտական հերթապահության պատրաստում եւ 2 շաբաթ ծառայություն առաջնագծում: Նախարարի երկու առաջարկների հանրային քննարկման մեկնարկը տրված է: Մինչ արդյունքներն էլ՝ Վիգեն Սարգսյանը խնդրանք-հանձնարարություն ներկայացրեց՝ շրջանավարտ տվող յուրաքանչյուր դպրոցից առնվազն մեկ դիմորդ պետք է ուսումը շարունակի ռազմական կրթական հաստատությունում:

Back to top button