Գյուղացիները պահանջում են 2015թ մթերած, սակայն, մինչ այժմ չստացած խաղողի գումարները


տեղադրված 11.51-ին
լրացված 15.45-ին
Հերթական հինգշաբթին կառավարության շենքի առջև խաղաղ չի անցել: Արդեն որերորդ անգամ այստեղ են հավաքվել Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի բնակիչները: Նրանք պահանջում են 2015-ին մթերած խաղողի գումարները: «Ընկերության վրա ազդելու լծակ ունեն, սակայն, գումարը վճարելու՝ ոչ»,- հստակեցրել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նա հանդիպել է քաղցրաշենցիների հետ և կառավարության նիստից առաջ, և նիստից հետո:
Նախ հիշեցնենք, ՌԴ նկատմամբ կիրառվող պատժամիջոցների, ռուսական ռուբլու անկման պատճառով վերամշակող ընկերությունները խնդիրներ ունեին: Նույն այդ տարին առատ էր նաև խաղողի բերքը: Ընկերությունները հրաժարվում էին մթերել խաղողը, գյուղացիներն էլ ստիպված էին մի քանի անգամ փակել հանրապետական նշանակություն ունեցող ճանապարհները: Ի վերջո, այդ պահին մի քանի վերամշակող ընկերությունների ուղղակի պարտադրվեց մթերել խաղողը: Խաղող մթերեց նաև «Վինար» ընկերությունը: Մթերեցին, սակայն արդեն երկու տարի է՝ գյուղացիների մի մասը չի կարողանում գումարը հետ ստանալ:
Քաղցրաշենցիները կառավարության շենքի դիմաց հանդիպեցին նաև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին: Ի դեպ՝ և կառավարության նիստից առաջ, և նիստից հետո:
Այսօր պարզվեց՝ «Վինար»-ը չուներ անգամ լիցենզիա: Հայտարարել էր՝ կոնյակի սպիրտ ունի, որոշեցին՝ վաճառել ու պարտքը փակել: Սակայն պարզվեց, որ այն խաղողի սպիրտ չէ, այլ՝ ցորենի: Ստեղծվել է իրավիճակ, երբ կա պարտք, սակայն վճարողը ունակ չէ այն վճարել: Իգնատի Առաքելյանն արդեն կառավարության նիստից հետո հստակեցրեց՝ «ընկերության վրա ազդելու լծակ ունեն, սակայն գումարը վճարելու՝ ոչ»: Լրագրողները ոլորտի պատասխանատուին հիշեցրեցին, որ 2015թ վերամշակող ընկերություններին ստիպեցին մթերել խաղողը:
Առայժմ չկա հույս, որ կվճարեն: Ելք՝ նույնպես:
«Բիզնես միջավայր է, որտեղ մեկը մյուսին խաբել է»,- ասաց բիզնեսից կառավարություն տեղափոխված նախարարը: Նշեց՝ ոլորտի նախորդ պատասխանատուները սխալ ավանդույթ են դրել, երբ գնացել են, խնդրել մթերող ընկերությանը, որպեսզի խաղող մթերի
Կառավարության նիստից հետո էլ Իգնատի Առաքելյանը մոտեցավ քաղցրաշենցիներին, սակայն լուծում, ըստ էության, չառաջարկվեց: Գուցե՝ հանդիպեն ու հարցը վարչապետի հետ քննարկեն: «Վինար» ընկերության պարտքը գյուղացիներին կազմում է շուրջ 70 մլն դրամ: