Հասարակություն

«Սիրո միություն» արձանը` Սիրահարների այգում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցու հեղինակած «Սիրո միություն» արձանի բացման արարողությանը: Մայրաքաղաքի Սիրահարների  այգում տեղադրված արձանի հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և քանդակի հեղինակ Դավիթ Երևանցուն:

Շնորհակալություն հայտնելով քանդակի հեղինակին երևանյան արձանների թիվը ևս մեկով ավելացնելու համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ այն վստահաբար կդառնա մայրաքաղաքի բնակիչների սիրված արձաններից մեկը:

«Ուզում եմ իմ և բոլոր երևանցիների անունից շնորհակալություն հայտնել հեղինակին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել արձանի ստեղծման գործում: Եվ հաշվի առնելով վայրը, որտեղ տեղադրվեց արձանը, այսինքն` Սիրահարների այգում, վստահ կարող ենք ասել, որ այն իսկապես իր տեղում է, և այն միջավայրը, որ ստեղծված է այստեղ, այս արձանի տեղադրումով հաստատ հարստացավ ու գեղեցկացավ»,- նշել է քաղաքապետը:

Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին էլ իր հերթին շնորհակալություն հայտնելով նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում ցուցաբերած աջակցության համար, նշել է, որ մեծ սիրով ու նվիրվածությամբ է իր ստեղծագործությունները նվիրում Երևանին, ինչը մայրաքաղաքի հանդեպ անսահման սիրո ևս մեկ դրսևորում է:

«Պարոն քաղաքապետ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Ձեզ, որ եղաք շատ սկզբունքային և Ձեր խոսքը տարաք մինչև վերջ ու այս գործը հասցրեցիք ավարտին: Վարդեր չէին փռված ճանապարհիս, ասեղները շատ էին, բայց Ձեր աջակցությամբ կարողացա նախաձեռնությունս կյանքի կոչել»,- նշել է Դավիթ Երևանցին:

Սիրո միություն խորհրդանշող արձանը բրոնզաձույլ է, պատվանդանը՝ տրավերտինե հենքի վրա, բարձրությունը՝ 1.97մ, պատվանդանի  հաստությունը՝ 20 սմ: Արձանի ճարտարապետն է Միքայել Հասրաթյանը: Հարկ է նշել, որ Սիրահարների այգու տարածքում արձանը տեղադրելու վերաբերյալ որոշման նախագիծն արժանացել էր Երևանի ավագանու անդամների հավանությանը:

 

Կարդացեք նաև

Back to top button