«Որոշվեց, որ քննությունը կկայանա ապրիլի 25-ին, ժամը 10-ին բանավոր ընթացակարգով: Դիմումը մուտքագրվել է ապրիլի 14-ին, Սահմանադրական դատարանը 15-օրյա ժամկետ ունի վերջնական որոշում կայացնելու համար»:
Սա նշանակում է, որ ՍԴ-ն պետք է որոշում կայացնի մինչև ապրիլի 29-ը: Իսկ դիմումի քննության օրվա նշանակումը որոշակիացնում է 6-րդ գումարման ԱԺ առաջին նիստի հրավիրման ամսաթիվը: Ըստ օրենսդրության՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կգումարվի ՍԴ որոշմանը հաջորդող երրորդ հինգշաբթի օրը: Ապրիլի 25-ից մինչև 29-ը ցանկացած օր կայացվելու դեպքում արդեն հստակ է, որ ԱԺ առաջին նիստը կհրավիրվի մայիսի 18-ին:
Սա իհարկե այն դեպքում, երբ ՍԴ-ն մերժի դիմումն ու անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքները:
Դիմող կողմը համոզված է հակառակում և պահանջում է անվավեր ճանաչել 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Որպես հիմնավորում նշվում է, որ ընտրություններն անցել են զանգվածային և համակարգված օրինախախտումների կիրառությամբ, դրանք խոչընդոտել են ազատ կամարտահայտմանը:
«Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի բողոքը Սահմանադրական դատարանում ներկայացնելու է «Քաղաքացի դիտորդ» հասարակական կազմակերպության անդամ Տիգրան Եգորյանը, որպես պատասխանող կողմ հանդես է գալու Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Քաղաքական այլ քաղաքական ուժեր ՍԴ դիմելու կոնգրեսի որոշմանը չեն միացել: Յուրաքանչյուրը տարբեր պատճառներ ունի: «Ռադիոլուր»-ը զրուցել է իրավապաշտպան Արտակ Զեյնալյանի հետ, ով այսօր «Ելք»-ի ներկայացուցիչ է, բայց որպես փաստաբան ՍԴ դիմելու հարուստ փորձառություն ունի: Նրա կողմից ներկայացված դիմումները վերաբերել են տարբեր հարցերի, այդ թվում ՝ ընտրություններին: Այժմ սակայն Զեյնալյանը վիճարկող ճակատում չէ: Մեր հարցին, թե ինչու, այսպես է արձագանքում:
«Այն խախտումները, որոնք բացահայտել են մեր վստահված անձինք քվեարկության օրը, մեզ թույլ չեն տալիս դիմել Սահմանադրական դատարան, առավել ևս ապացուցել»:
Միևնույն ժամանակ «Ելք»-ի ներկայացուցիչները համոզված են, որ քվեարկության ընթացքում տեղի են ունեցել ընտրական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք բացահայտվելու դեպքում կարող են հանգեցնել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելուն:
«Կարծում ենք, որ իրավունքի իդեալական պայմաններում ընտրություններն անվավեր կճանաչվեին, բայց սա այն դեպքը չէ, որ դիմենք ռիսկի և ՍԴ-ից պահանջենք ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչել»:
Զեյնալյանն առաջարկում է հարգանքով մոտենալ հայցին, քանի որ համոզված է, որ ՍԴ ուղղվող յուրաքանչյուր դիմում քայլ է իրավուքնի կայացման ուղղությամբ: