Փետրվարի 6-ին աշխատանքային այցով Վրաստանում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը և այլ պաշտոնատար անձինք: ՊՆ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այցի ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան ղեկավարության հետ:
Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Լևան Դոլիձեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ հարցերն ու զարգացման հեռանկարները, կարծիքներ են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության խնդիրների և հնարավոր զարգացումների շուրջ:
ՀՀ ՊՆ բարձրաստիճան պատվիրակությանն ընդունել է նաև Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանյան: Նույն օրը երեկոյան ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՀՀ դեսպանությունում կազմակերպված ՀՀ զինված ուժերի կազմավորման 21-ամյակին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: