Եթե ընտրությունները հետաձեվեն, ապա կրակոցը հասել է իր նպատակին, ասում է Վարդան Դեւրիկյանը


Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»
Բոլորիս համար ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ կատարվածն անակնկալ էր, այսօր ասաց գրականագետ Վարդան Դևրիկյանը: Կրակոցն ուղղված էր ոչ թե Հայրիկյանի, այլ իշխանության և ընտրությունների դեմ, ասում է նա։
Եթե սա իշխանությունների դեմ էր, ապա պետք էր նպատակային թիրախ ընտրել: Հայրիկյանը մեզ համար խորհրդանիշ է, այսօրվա հարցը ընտրություններ հետաձգել և չհետաձգելու մեջ է, կարծում է Դեւրիկյանը։
«Ես կարծում եմ՝ Պարույր Հարիկյանը իրեն բնորոշ մեծահոգությամբ և խորաթափանցությամբ ճիշտ կանի չպահանջի, որ 15 օրով ընտրությունները հետաձգվեն»։
Վարդան Դևրիկյանը կարծում է, որ եթե ընտրությունները հետաձգվեն, ապա կնշանակի, որ կրակոցը հասել է իր նպատակին: Այս կրակոցի նպատակը մեկն է` հետաձգել ընտրությունները:
Որևէ քաղաքական ուժ չներկայացնող գրականագետի կարծիքով՝ եթե նույնիսկ ընտրությունները 15 օրով հետաձգվեն, դրանից աշխարհը չի քանդվի, մեր երկրին էլ որևէ բան չի պատահի, միայն ժամանակ կկորցնենք: Մեզ պետք է, որ շուտափույթ ավարտվեն ընտրությունները և ավարտվի սպասողական վիճակը։
Իսկ դերասան Երվանդ Մանարյանը հավելեց, որ անհեթեթ կրակոց էր և անշնորհքությունների շարան: Չկա մի հայ մարդ, ով կասի, որ հարիր արարք է մարդասպանությունը։
Այս երկիրը շնորհքին ընթացք է ուզում, հավելեց դերասանը: Ւսկ ընտրությունները հետաձգելը ճիշտ չի համարում։
Գրականագետ Վարդան Դևրիկյանի խոսքով, մահափորձը շատ փնթի աշխատանք էր: Վերջինիս կարծիքով՝ ընդդիմությունը պետք է համախմբվի և համագործակցի իշխանության հետ, որպեսզի պայքարը հանցավորության դեմ ավելի հեշտ լինի: Պարույր Հայրիկյանի դեպքը որևէ ազդեցություն չի թողնի ընտրությունների վրա, պարզապես ստվեր կգցի, ասաց նա։