Հայրիկյանին ապաքինվելու համար պետք է 7- 10 օր
Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»
Պարույր Հայրիկյանին առնվազն 7-10 օր պետք է ապաքինման համար, հայտարարել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Մանուկյանը:
«Երեկ գիշերը բերել են հրազենային վնասվածքով, մեզ մոտ հիվանդի վիճակը կարգավորվեց: Վիճակի կայունանալուց հետո, առավոտյան ժամը 10:30-ին կատարվեց վիրահատություն: Հեռացվեց գնդակը, որը գտնվում էր աջ արմունկային ուսի փափուկ հյուսվածքներում»,- ասել է բժիշկը:
Գագիկ Մանուկյանի խոսքով` վիրահատությունը լավ է անցել, հիվանդի վիճակը բավարար է: Պարույր Հայրիկյանը մի քանի ժամից լրիվ կարթանա, ցավեր չունի, արյան ճնշումը, գիտակցությունը նորմալ է:
Գագիկ Մանուկյանը նշել է, որ Հայրիկյանը կմնա վերակենդանացման բաժանմունքում` վերահսկողության տակ, իսկ երկու-երեք օր հետո կտեղափոխվի ընդհանուր բաժանմունք: