Քաղաքական

Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման պարագայում. ՀՀ Նախագահի խոսնակ

Ադրբեջանին որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում. Նախագահ Սերժ Սարգսյանի՝ ռուսաստանյան  Россия сегодня  լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցի մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի Նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը:

«Հանրապետության Նախագահն իր հարցազրույցում չի անդրադարձել համանախագահների կողմից հիմնահարցի փաթեթային հանգուցալուծման համար առաջարկված բոլոր դրույթներին, որոնք, ինչպես շեշտել են համանախագահները, անբաժանելի մեկ ամբողջություն են կազմում: Նախագահն ընդգծել է, որ այդ առաջարկի առաջին կետով ամրագրված է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը: Մյուս բոլոր տարրերը, ինչպես հայտարարել է նախագահը ՀՀԿ 16-րդ համագումարի իր ելույթում` «ածանցյալ են»:

Մնացած բոլոր հարցերը կգտնեն իրենց տրամաբանական ու արդար լուծումը՝ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այս հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում չի կարող գտնել», — շեշտել է նախագահը»,- ասված է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղարի՝ «Ազատության»-ը ուղղված պատասխանում:

Վլադիմիր Հակոբյանը հավելել է․«Որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում:

Հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Սրան բազմիցս անդրադարձել են թե՛ Հայաստանը, թե՛ համանախագահները: Որևէ անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող: Խոսքը Հայաստանը Լեռնային Ղարաբաղին միացնող սոսկ ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից:

Հատկապես ապրիլյան պատերազմից հետո, անվտանգության գոտի հանդիսացող հարակից տարածքների ներկա կարգավիճակն ավելի քան արդարացված է՝ հաշի առնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սպառնացող շարունակական և անմիջական սպառնալիքը»:

Back to top button