Մշակույթ

«Արվեստի բուհերի շաբաթ»- ը մեկնարկում է Չապեկի «Մայրը» բեմադրությամբ

art

sonahakobyan

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերով մեկնարկել է «Արվեստի բուհերի շաբաթ»- ը: Ծրագրի նպատակն է արվեստի բուհերի ուսանողների միջև կառուցել կամուրջ, ստեղծել կապեր՝ մասնագիտական շփումների և ոչ մասնագիտական հաղորդակցության համար: Ծրագրի ընթացքում նախատեսվում է թատերական ներկայացում, կինոդիտում, համերգային ծրագրեր, ցուցահանդես, քննարկումներ, ուսանողների փոխադարձ այցելություններ և վարպետաց դասեր: «Արվեստի բուհերի շաբաթ»-ը մեկնարկել է այսօր ԵԹԿՊԻ ուսանողական թատրոնի «Մայրը» ներկայացմամբ:

 

Շուրջ մեկ տարվա ընդմիջումից հետո Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում դարձյալ բեմադրվում է չեխ դրամատուրգ  Կարել Չապեկի «Մայրը»  ներկայացումը: Հայ հանդիսատեսն առաջին անգամ այս ներկայացումը դիտել է դեռ 5 տարի առաջ, սակայն, ինչպես նկատեց պիեսի բեմադրիչն ու գլխավոր դերակատար ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, այս ներկայացումը միշտ արդիական է: Այն երբեք չի ծերանում:

Կարել Չապեկի «Մայրը» պիես մարդասիրության ու հայրենասիրության մասին է։ Պիեսի հիմքում ընկած է  մոր ու կնոջ պատմություն, ում ամուսինը և չորս զավակներն իրենց կյանքը զոհում են հանուն մեծ և վսեմ գաղափարների։ Վերջում մնում է միայն մեկ որդին` տասնյոթամյա Տոնին, որը որոշում է գնալ կռվելու, քանի որ հայրենիքը վտանգի մեջ է: Մայրն ամեն գնով փորձում է հետ պահել իր միակ որդուն: Մայրական անսահման սիրո զգացումը պայքարի մեջ է մտնում պարտքի գիտակցության հետ: Հանգուցյալ ամուսինն ու զավակներն անցնում են մոր հիշողության միջով: Նրանց ոգիները հայտնվում են բեմում՝  խորհրդանշելով իրենց գործի անմահությունը: Եվ մայրը հասկանում է, որ չուղարկել վերջին որդուն` պաշտպանելու զոհվածների գործը, կնշանակի դավաճանել նրանց հիշատակը, կնշանակի` նրանք իզուր են ապրել և զոհվել: Եվ հենց այդ նույն մայրը, ով ատում և անիծում է պատերազմը, ինքն էլ զենքը տալիս է որդուն և ուղարկում պաշտպանելու հայրենիքը:

Դերասաններին հանդիպեցինք փորձի ժամանակ: Վերջին փորձն էր ներկայացումից առաջ: Գլխավոր դերակատարներից Արսեն Ազիզյանը, ի դեպ, նոր է վերադարձել բանակից: Խոստովանում է, որ բանակից վերադառնալուց հետո բոլորովին այլ կերպ է ընկալում իր հերոսի խաղը: Այժմ նաև ավելի գիտակցաբար է խաղում  դերը: Պիեսում նա մարմնավորում է Պետերին:

«Մայրը» ներկայացումով էլ այսօրվանից մեկնարկեց «Արվեստի բուհերի շաբաթ»- ը: Շաբաթվա մտահղացումը արվեստի 3 բուհերինն է՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտինը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայինն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայինը: Ինչպես նկատեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Մուրադյանը, այս ծրագրի շրջանակներում արվեստի 3 բուհերը սկսում են միասին ապրել:

Պարզապես հասունացել էր համագործակցելու պահը և 2 օր առաջ այն հաստատվեց եռակողմ պայմանագրով՝ նշեց  Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը: Պայմանագիրը ստորագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Եվ ինչպես մյուս երկու բուհերի ղեկավարները, այնպես էլ կոնսերվատորիայի ռեկտոր Շահեն Շահինյանը մեծ սպասելիքներ ունի ծրագրից։ Այն թեև նոր է մեր արվեստի կյանքում, բայց՝ վաղուց սպասված և հասունացած :

 

Back to top button