Հասարակություն

Հաշմանդամ տղան տեղաշարժվում է մանկական սայլակով, ուսում ստանում է տանը

satikisahakyan
Արմավիրի մարզի  Ալաշկերտ համայնքի 14 -ամյա բնակիչ Արմեն Պողոսյանը հենաշարժական խնդիրների պատճառով տեղաշարժվում է  մանկական սայլակով, որի վրա մի կերպ է հարմարվում: Արմեն Պողոսյանը կրթությունը ստանում է տանը: Հասարակությունից մեկուսացած տղայի մասին ուսուցիչներն ավելի ուշ են իմացել: Արմենը տարբեր երազանքներ ունի, դրանցից մեկը  մարզվելն է, ցանկանում է հետախույզ դառնալ, ինչպես նաև հիմնել հասարակակական կազմակերպություն և օգնել հաշմանդամ երեխաներին:

 

Ալաշկերտի Հրաչյա Քոչարի անվան միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանում հայ գրականության ժամ է, այս դասարանում է սովորում  Արմեն Պողոսյանը, սակայն նա դպրոց չի գնում, ուսուցումը կազմակերպվում է տանը: Արմենը հաշմանդամություն ունի, նա շարժվում է սայլակով: Շարժվելը  մեղմ է ասված, քանի որ Արմենի մանկական սայլակը չափազանց փոքր է 14 տարեկան աճող տղայի համար: Ծնողները չեն կարողանում լուծել հաշմանդամության  սայլակի խնդիրը: Հայրն ասաց, որ  սայլակ ձեռք բերելու խնդրանքով դիմել է Արմավիրի մարզպետարան, սակայն դեռ արձագանք չկա: Արձագանքն ուշանում է, տղան մեծանում: Մանկական ուղեղային կաթված հիվանդությամբ ծնված Արմեն Պողոսյանը երկար տարիներ ապրել է մեկուսացած, նրա մասին ուսուցիչներն ավելի ուշ են իմացել, երբ 10 տարեկան էր: Իմացել են և ներքաշել հանրակրթության ոլորտ:

Ուսուցչի այցելությունը շատ բան փոխեց Արմենի կյանքում,  դասվար Անահիտ Զաքարյանը  դարձավ միակ հարազատ մարդը,  ում  ամենաշատն էր տղան  սպասում: Տառերի և թվերի ուսուցմանը զուգընթաց Արմենին առավել գրավել են սիրելի ուսուցչուհու պատմած ավանդապատումները, որոնք  դրական ներազգեցություն են ունեցել իր վրա, զարգացրել մտահորիզոնը,  առաջ քաշել նպատակներ և որոնել  դրանց հասնելու ուղիները: Անահիտ Զաքարյանն ասում է, որ ամեն անգամ զարմացել է  Արմենի կառուցողական մտածելակերպով:

Արդեն 4 տարի Արմենի ուսուցումը անցկացվում է տանը: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Դանիելյանը ցույց տվեց այն ուսումնական պլանը, որով առաջնորդվում են ուսուցիչները: Կազմվել է անհատական ուսուցման դասացուցակ, առարկայի ուսուցումը չի գերազանցում 30 րոպեն:

Անգլերենի իմացությունը թույլ է տալիս ազատ օգտվել համակարգչից,  Արմենի նախասիրած առարկան հայոց լեզուն է:

4 տարվա կրթությունը օր-օրի փոխում  է  Արմենի երազանքներն ու ցանկությունները, սկզբում՝ բժիշկ, հիմա՝ հետախույզ, իսկ ամենակարևորը հաշմանդամություն ունեցող երեխաների հասարարակական կազմակերպության բացում: Նպատակը նույնն է՝ իր նման երեխաներին բուժել և օգնել: Արմեն Պողոսյանի ընտանիքն ապրում է սոցիալական ծանր պայմաններում, ծնողները չեն աշխատում, սեփականաշնորհված հող չունեն, մշակում են միայն տան դիմացի հողակտորը: Դպրոցի տնօրեն Մարգարիտա Դանիելյանը մտահոգված աշակերտի և նրա ընտանիքի  սոցիալական վատ ապրելակերպով, ցանկացել է սոցիալական թեմաներով հեռուստահաղորդումների միջոցով հովանավորներ գտնել, սակայն հաշմանդամություն ունեցող տղան դեմ է եղել եթերից երևալուն: Մայրը պատմում է, որ 4 տարի առաջ  Արմենին մի քանի վիրահատություններ են արել , ըստ որ նրա օրգանիզմը սկսել է աճել, մկաններն ու հոդերը  շարժվել:

Արմենի առողջության լավացմանն օգնել են նաև վերականգնողական բուժումները: Ցավոք,  հիմա փոքր սայլակի և ֆինանսական դժվարությունների պատճառով տղան չի կարող շարունակել: Արմենը վստահ է, որ կկարողանա քայլել նաև հատուկ հենակներով:

Օրեր առաջ Արմեն Պողոսյանի ծննդյան օրն էր, դասընկերներն արդեն երկրորդ տարին անակնկալ են պատրաստում նրա համար:  Այս հարցում  յուրաքանչյուր աշակերտ անհատական մոտեցում ունի, իրենք  են պատրաստում այն բացիկները, որի վրա գրում են իրենց բարեմաղթանքները:

Արմենի ծննդյան օրը նրա համար տոն դարձնելը և դասընկերների հետ նշելը դասղեկ Նաիրա Մալխասյանի նախաձեռնությունն էր՝ սիրով ենք աշխատում Արմենի հետ, փորձում ենք ավելի վառ ու լուսավոր գույներ հաղորդել նրա կյանքին:

Արմենի կյանքը կփոխվի ինքնուրույն շարժվելու և հասարակական միջավայրում շփվելու միջոցով, երբ նա կկարողանա դուրս գալ իրենց  մութ և թույլ լուսավորված սենյակից:

Ալաշկերտի  640 աշակերտական տեղով  արդեն 8 տարի վերակառուցվող դպրոցում պայմանները բավարարում են հաշմանդամություն ունեցող տղայի ուսուցումը դպրոցում շարունակելու համար:

Back to top button