Հասարակություն

Հայաստանը՝ Սկանդինավյան թերակղզու եւ Մերձավոր Արեւելքի ազդեցության տակ

hasmikmartirosyan

zmer-yerevan19
Այս տարի ձմեռը կլինի վայրիվերումներով՝ շատ տաք և շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց. այսօր ձմեռային ցրտերի մասին կանխատեսումները փոխանցեց  ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:  Այս ձմռանը մեզ սպասվում են սառնամանիքային շատ օրեր: Մեր հանրապետության տարածքը երեք ամիսներին էլ շատ հաճախ ենթարկվելու է հիմնականում Սկանդինավիայի կողմից  ներթափանցած արկտիկական ցուրտ օդային  հոսանքների ազդեցությանը, որոնք առաջացնելու են օդի ջերմաստիճանի լուրջ նվազումներ՝ առատ ձյուն, բուք։

Այսինքն՝ կզգացվեն բավականին սառնամանիքային եղանակներ։ Շատ հաճախ կենթարկվենք Մերձավոր Արևելքից ներթափանցող արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցությանը, որի արդյունքում էլ այդ օրերին կնկատվի օդի ջերմաստիճանի զգայի բարձրացում: Այսինքն՝ ջերմաստիճանը կլինի -7-ից -10 աստիճան` ձյան առատ տեղումներով եւ հակառակը՝ շատ տաք օրեր՝ կլիմայական նորմայից բարձր՝ +7-ից +10 աստիճան:

Ըստ Սուրենյանի, ամբողջացնելով կանխատեսման արդյունքները՝ ստացվում է ամսական միջինացված ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Այսինքն՝ ասել, որ սպասում ենք ծայրահեղ ցուրտ կամ տաք ձմեռ՝ սխալ կլինի: <<Միջին ջերմաստիճանը նորմայի սահմաններում կլինի, բայց վայրիվերումները՝ և՛ շատ տաք, և՛ շատ ցուրտ եղանակները կհաջորդեն միմյանց>>,- հուսադրեց Սուրենյանը:

Ֆեյսբուքյան իր էջում Գագիկ Սուրենյանը զարմանք է հայտնել այն օգտատերերի գրառման կապակցությամբ, որոնք ցանկանում են շատ ցուրտ ձմեռ լինի։ <<2002թ դեկտեմբերին, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ մինչև -32 աստիճան, պտղատու ծառատեսակների մեծ մասը չորացան, գոմերում անասունները սատկեցին, կոյուղիները տրաքեցին, մարդիկ շաբաթներով խմելու ջուր անգամ չունեին։ Դուք դա՞ եք ուզում, ա՜յ քեզ բան…>>, գրել էր Սուրենյանը: Իսկ «Ռադիոլուրը» հարցախույզի ընթացքում ես մեկ անգամ վերահաստատեց այն միտքը, որ հայերը սոցիալական վիճակով պայմանավորված ձմեռը համարում են անցանկալի հյուր:

Back to top button