Հասարակություն

Մոնթեին սիրեցին իր ազնվության եւ արդարամտության համար

hasmikmartirosyan

ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Մոնթե Մելքոնյանն այսօր կդառնար 59 տարեկան, այսօր նաեւ Մոնթեի հիշատակի օրն է: Մոնթե Մելքոնյանը զոհվեց 1993 թվականի հունիսի 12-ին: Նա հրաշալի հրամանատար էր, բացառիկ զինվորական, հայ ժողովրդի պատմության մեջ մնաց և ժողովուրդը նրան սիրեց  նախ և առաջ մարդկային իր բացառիկ տեսակի, ազնվության և արդարամտության  շնորհիվ:

Նա այն եզակիներից է, ում մասին շատ են խոսում: Մոնթեն դա վաստակել է իր ապրած կյանքով, քանի որ իր օրինակով է ցույց տվել` ինչպիսին պետք է լինի իսկական հայը: Մոնթեն ոչ թե սոսկ զինվոր էր, հրամանատար, այլ մարդ էր, ով մտահոգված էր մեր երկրի ապագայով եւ ամբողջովին ընկալում էր հայ ժողովրդի խնդիրները: Սփյուռքից գալով Հայաստան, ապա` Արցախ` Մոնթեն իր կյանքը նվիրել է Հայաստանին:

<<Հուսալքությունը բնորոշ չէր նրան, Մոնթեն այն լույսն է, որը մեզ կժպտար, հույս կներշնչեր՝ մեր երեխաների ու հայրենիքի ապագայի նկատմամբ>>,- Մոնթեի մասին պատմում է բժշկուհի Աիդա Սերոբյանը, ով 1992 թվականին առանց ծնողների իմացության կամավոր մեկնեց Ղարաբաղ՝ զենքն ու բժշկական դեղերը ձեռքին կանգնեց հայ զինվորի կողքին: <<Ռադիոլուրի>> հետ զրույցում Արիության մեդալակիր Աիդա Սերոբյանը պատմում է, երբ Մոնթեն իր ջոկատով պետք է պայքար մղեր Գևորգավանի համար և անհրաժեշտ էր բժիշկի օգնությունը։

Հարգանքով էր, ընկերասեր, խիզախ էր, կազմակերպված, բայց ամենակարեւորը՝ խոնարհ էր, որ ասում են «խոնարհ հերոսներ», ինքը խոնարհ հերոս էր», հայրենիքի նվիրյալի մասին միտքն ամբողջացնում է տիկին Աիդան:

Մարտական ընկերների հուշերի համաձայն, Ավոն ընդհանրապես խմիչքի հետ սեր չի ունեցել, ավելին՝ չէր սիրում, երբ զինվորներն էին այն չարաշահում։  -<<Էլի խմո՞ւմ եք>>, — մոտենալով հավաքված զինվորներին՝ մի օր հարցնում է Ավոն։ Հնչում է պատասխանը. <<Թե հրամանատար ջան, Ղարաբաղի թթի օղին աշխարհին է հայտնի։ Ամեն հաց ուտելուց մի բաժակ պետք է խմի ղարաբաղցին։ Միշտ էդպես է եղել. մեր պապերն էլ, պապերի պապերն էլ, երբ սեղան են նստել, թթի օղին անպակաս է եղել։ Ավոն պատասխանում է՝ <<Մեր պապերն էլ, պապերի պապերն էլ ժամանակից շուտ են խմել։ Ես անգամ պետք է խմենք վերջում ազգովի, ես ել ձեզ հետ միասին>>: Հաղթանակի բաժակը բարձրացվեց, բայց առանց Մոնթեի։

Ազգային հերոսի մասին հպարտությամբ է պատմում <<Կարին>> համույթի գեղարվեստական ղեկավար, արցախյան ազատամարտի մասնակից Գագիկ Գինոսյանը: <<Նա հայի կոչումը ապացուցել է կատարած գործերով>>: Մոնթեն մշտապես կարեւորել է հոգեբանական ու բարոյական ոգու ուժը ու շեշտել՝ հարկավոր է կռվել ու առաջ գնալ՝ կարգապահության պարտադրանքն առաջանային համարելով: Մարտունեցու համար Ավոն ոգու ու անվերապահ հաղթանակի, նաեւ հպարտության, խղճի խորհրդանիշն էր, հասարակ, բայց մեծ մարդ էր:

Տեղեկացնենք, որ ստեղծվել է Մոնթե Մելքոնյան պաշտոնական կայքը, որտեղ <<Ինսթիգեյթ>> ընկերության աշխատակիցները խոստանում են պարբերաբար ներկայացնել տեղեկություններ Ավոյի կյանքի եւ գործունեության մասին:

Back to top button