ԿարևորՀասարակություն

Հունվարի 27- ը Հոլոքոստի զոհերի հիշատակի օրն է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»

Հունվարի 27-ին նշվում է Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրը: Այդ օրը, 1945 թվականին խորհրդային զորքերը ազատեցին Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարի կալանավորներին, որոնց ֆաշիստները ենթարկում էին անմարդկային կտտանքների:
Շուրջ 6 միլիոն հրեա, միլիոնավոր այլազգի մարդիկ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին ենթարկվեցին գերմանական ֆաշիստների կողմից ծրագրավորված լայնածավալ կոտորածների։

Երևանում ևս կկայանա սգո միջոցառում, այսօր լրագրողներին հայտնեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը։
«Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկում գտնվող Ողջակիզման և Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիրին գրված է «Լինել կամ մոռանալ»: Հեղինակը` մանուկ է: Այն մեզ ասում է, որ եթե մոռանանք` այլևս չենք լինի»,- նշում է տիկին Վարժապետյանը։

Հոլոքոստն իրագործած ֆաշիստական Գերմանիայի կանցլեր Ադոլֆ Հիտլերն իր հակամարդկային պլանն արդարացնում էր՝ ասելով. «Ո՞վ է հիշում հայերի ջարդերի մասին»։
Իրոք. Երկրորդ համաշխարհայինի տարիներին աշխարհում մոռացվել էր նախորդ արխարհամարտի ոճիրը Մեծ Եղեռնը:

Ցեղասպանության այս երկու փաստերին իր գնահատականը տվեց պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Մելքոնյանը: Ըստ նրա՝ Հոլոքոստի և Մեծ Եղեռնի գերմանական հեղինակները հաճախ նույն մարդիկ էին: Պատմաբանը ցավով արձանագրեց, որ այս երկու ղեսպանությունների ժխտման լայնածավալ արշավները իրականացվում են և այսօր, ինչը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ապագայում:

Անդրադառնալով Մեծ Եղեռնի միջազգային ճանաչմանը՝ Ռիմա Վարժապետյանը հայտնեց, որ նորընտիր իսրաելական քնեսետը դեռ չի ձևավորել նոր կառավարություն, ինչից հետո միայն հնարավոր կլինի խոսել Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմասն մասին։
Տիկին Վարժապետյանը նկատեց, որ Սփյուռքի նախարարությունը անհրաժեշտ ջանքեր չի գործադրում Մեծ եղեռնի  միջազգային ճանաչման համար, թեպետ դրա համար ունի ներուժ:  Նա պատրաստակամություն հայտնեց մասնակցել Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի միջողոցառումների կառավարական հանձնաժողովի աշխատանքներին:

Թողնել պատասխան

Back to top button