Անտառների հրկիզումը համարում ենք ահաբեկչություն. Նեթանյահու
Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսրայելի ղեկավարությունը անտառը հրկիզելու յուրաքանչյուր դեպք համարելու է ահաբեկչություն։
Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն. «Ես ցանկանում եմ հնչեղ և հստակ ձևով հայտարարել, որ յուրաքանչյուր հրդեհ, որն առաջացել է հրկիզումից, ահաբեկչություն է։ Եվ մենք համապատասխան ձևով կվերաբերենք դրան»։
Նեթանյահուն հավելել է, որ համապատասխան ցուցումներն արդեն իսկ ուղարկվել են երկրի ոստիկանությանը, հակաահաբեկչական ծառայություններին ու բանակին։
Ի դեպ, այսօրվա տվյալներով Իսրայելում ոստիկանությունն առնվազն 12 անձի է ձերբակալել, որոնց կասկածում են երկրի տարբեր շրջաններում հրկիզում իրականացնելուն մասնակցության մեջ: Այս մասին հաղորդում է Newsru-Israel-ը՝ վկայակոչելով Իսրայելի ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ոստիկանության ղեկավարը հանձնարարել է հանցագործության հետաքննությամբ զբաղվելու համար հատուկ խումբ ստեղծել:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Իսրայելը հրդեհի ճիրաններում է: Հայֆայից տարհանվել է ավելի քան 50 հազար մարդ։