ԿարևորՀասարակություն

Ինչ սովորել եւ ինչքան սովորել՝ կորոշի աշակերտը

sonahakobyan

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատվել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը»: Համաձայն աշխատակարգի` հանրակրթական ուսումնական հաստատության 4-րդ և 9-րդ դասարաններում հունիսի 1-24-ը անցկացվելու են պետական ավարտական քննություններ։ 12-րդ դասարաններում պետական ավարտական քննություններն անցկացվելու են դեկտեմբերի 24-30-ը կամ  հունիսի 1-24-ը: Ավարտական դասարանի սովորողը դեկտեմբեր ամսին հանձնում է միայն այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: ԿԳ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այսօր ներկայացնելով նոր կարգը, նշել է, որ այդպիսով ավագ դպրոցն իսկապես կկատարի իր առաքելությունը:

 

Մեկ ամսից ավագ դպրոցներում կմեկնարկեն պետական ավարտական քննությունները: Ավարտական 6 քննությունների փոխարեն շրջանավարտներն այսուհետ կհանձնեն 3 քննություն՝ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաներից: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով հաստատված նոր կարգի համաձայն՝ դեկտեմբերին անցկացվող պետական քննություններին չեն մասնակցի միայն այն շրջանավարտները, ովքեր տվյալ առարկաները շարունակելու են ուսումնասիրել նաև 2-րդ կիսամյակում:

Նույն կարգի համաձայն՝ շրջանավարտը կարող է չմասնակցել դեկտեմբերին անցկացվող պետական քննությանը և ավարտական քննությունները  հանձնել հունիսին: Շրջանավարտն ինքն է որոշում, թե երբ հանձնի պետական ավարտական քննությունները՝ ներկայացնելով նոր կարգը՝ նշեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Դե իսկ երկրորդ կիսամյակում շրջանավարտները հնարավորություն կունենան ընտրել առնվազն 3 առարկա, որոնք նրան անհրաժեշտ են բուհ ընդունվելու համար։

Բոլոր այն շրջանավարտները, ովքեր չեն պատրաստվում որևէ բուհ դիմել, 2-րդ կիսամյակում  նույնպես պետք է ընտրեն առնվազն 3 առարկա, ուստի նրանք  ևս կարող են չմասնակցել դեկտեմբերի ավարտական քննություններին, փոխարենը՝ ավարտական քննությունների առարկաները ուսումնասիրեն 2-րդ կիսամյակում և ավելի բարձ գնահատականի արժանանան կամ պարզապես հանձնել ավարտական քննությունները դեկտեմբերին և ևս 3 առարկա ուսումնասիրել վերջին կիսամյակում։ «Այսինքն՝ նա կարող է ավարտական 3 քննությունները հանձնել, և ընտրել այլ առարկաներ, օրինակ՝ ռուսերեն, օտար լեզու, ինֆորմատիկա և սովորել, որովհետև այլևս կյանքում ոչ ոք շաբաթական 10 ժամ իրեն ինֆորմատիկա անվճար չի սովորեցնելու»:

Արդյո՞ք մեկ կիսամյակը բավարար է բուհ ընդունվելու համար: «Ռադիոլուրի» հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշեց, որ դիմորդները բուհական ընդունելությանը պատրաստվում են դեռ 10-րդ դասարանից: Պարզապես այս նոր կարգը օրինականացնում է  վաղուց արդեն  գոյություն ունեցող իրավիճակը՝ նկատեց փորձագետը: «Վաղուց երեխաները 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակում դասի չէին գնում: Սա ակնհայտ փաստ է: Այս նոր կարգով գոյություն ունեցող իրավիճակը իրավական հիմքի վրա է դրվում: Իսկ աշակերտին ասվում է, որ դու պետք է գաս դպրոց ոչ թե այլ առարկաներ սովորելու, այլ քեզ անհրաժեշտ առարկաները սովորելու»:

Անգամ այս դեպքում փորձագետը չի բացառում, որ կրկնուսույցի  մոտ պարապող շրջանավարտը կարող է նախընտրել կրկնուսույցի վճարովի ծառայությունը և նորից բացակայել 2-րդ կիսամյակում նույն առարկաների անվճար դասընթացներից:

Back to top button