Հասարակություն

Շենգավիթում սպանության գործով մեղադրանքներ են առաջադրվել ևս երեք անձի

ՀՀ ՔԿ Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ «Լիա» գեղեցկության սրահի տարածքում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած սպանությունների բոլոր հանգամանքները, մասնակիցների շրջանակը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ մեղադրանք է առաջադրվել ևս 3 անձի։ Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի նոյեմբերի 13-ին  Շենգավիթ վարչական շրջանում գործող գեղեցկության սրահներից մեկում հնչած կրակոցների հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մահացել է երկու անձ՝ Երևան քաղաքի բնակիչներ Գևորգ Ավետիսյանը և Մուշեղ Մուշեղյանը, ևս մեկ անձ՝ Արամ Պետրոսյանը, հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի աջ հատվածում, և նրա վիճակը գնահատվում է ծանր: Մ.Մուշեղյանի դիակի զննությամբ հայտնաբերվել են նաև կտրող-ծակող առարկայով պատճառված մարմնական վնասվածք՝ որովայնի շրջանում։

Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել՝ ևս երեք անձի  որպես մեղադրյալ ներգրավելու մասին. Ալիկ Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել Մ.Մուշեղյանի սպանությունը դրդելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Արմեն Գասպարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով՝ նախապատրաստվող ծանր հանցագործության մասին իմանալ-չհայտնելու համար, Արտակ Նազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով՝ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելու համար։

Նշենք, որ  քրեական գործի շրջանակներում նոյեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել նաև Պետրոս Իսրայելյանին՝  Մուշեղ Մուշեղյանի սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից) և Ռուբեն Խաչատրյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությանն օժանդակելը)։

Այսպիսով՝ նոյեմբերի 21-ի դրությամբ նշված քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ։ Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Երևանի քննչական վարչությունում շարունակվում է «Լիա» գեղեցկության սրահի տարածքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Back to top button