ԿարևորՏնտեսական

Վարչապետը աշխատանքային այցով եղել է Արագածոտնի մարզում

karenghazaryan

Վարչապետ Կարեն Կարապետյանը մարզային այցերի շրջանակում երեկ Արագածոտնի մարզում էր: Վարչապետը եղել է նաեւ Հյուսիս-Հարավ մայրուղու Աշտարակ-Թալին հատվածում, որտեղ ծանոթացել է աշխատանքների ընթացքին: Ծրագրի պատասխանատու Արթուր Սարգսյանը տեղեկացրել է, որ այդ հատվածում աշխատանքների 35 տոկոսից ավելին արդեն կատարված է, իսկ շինարարությունն ամբողջությամբ այդ հատվածում կավարտվի 2018 թվականի սկզբներին: Երկրի վարչապետին ներկայացվել են նաեւ Հյուսիս-Հարավի հետ կապված աշխատանքների այլ մանրամասներ: Վարչապետը Կարեն Կարապետյանը չի շտապել գնահատական տալ Հյուսիս-Հարավ մայրուղու աշխատանքների ընթացքին՝ լրագրողների հարցին ի պատասխան հորդորելով համբերատար լինել: Վարչապետի օրակարգի առանցքային հանդիպումը կայացել է Արագած համայնքում, որտեղ մարզի պատասխանատուների եւ համայնքապետերի հետ քննարկել է համայնքներում առկա ամենատարբեր խնդիրները, մարզի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Վարչապետին Արագածոտնի մարզ այցի ընթացքում ուղեկցել են Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ու մարպետ Գրիգոր Գյոզալյանը:

 

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում, Սպիտակավոր եւ Ծիրանավոր եկեղեցիների միջեւ ընկած տարածքում, հին կամուրջի մոտ, որտեղ եղել է պատմական ջրաղացն ու ցարական կառավարության ձիանոցը, նպատակ կա ստեղծել զբոսաշրջության համալիր: Վարչապետ Կարեն Կարապետյանին հենց տեղում ներկայացվեց պատմական վայրի հեռանկարային հնարավորությունները:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարինե Զեյթունցյանն էր: Ըստ նրա՝ վայրը հարմար է նաեւ տուրիզմի ապակենտրոնացման եւ մարզերի զարգացման տեսանկյուններից: Նպատակը, սակայն, դեռ շատ սաղմնային վիճակում է: Վարչապետը հեռանկար տեսնում է, սակայն, չի շտապում խոստումներ տալ: Առաջարկեց ուսումնասիրել եւ թղթի վրա հստակեցնել ծրագիրն ու բիզնես պլանը:

Վարչապետի հաջորդ կանգառը Հյուսիս-Հարավ ճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում էր: Այս հատվածի շինարարությունը կավարտվի ծրագրածին համաձայն՝ 2018-ի սկզբներին, այս պահին ճանապարահատվածի աշխատանքներն իրականացվել են 35 տոկոսից ավելի չափով՝ տեղեկացրեց Հյուսիս-Հարավի իրականացման ծրագրի տնօրեն Արթուր Սարգսյանը: Նա վարչապետ Կարեն Կարապետյանին ծանոթացրեց նաեւ Հյուսիս-Հարավի հետ կապված մանրամասներին:

Արագածոտն համայնքի վարչական տարածքում գտնվող «Արմաս» գինու-կոնյակի գործարանը վարչապետ Կարեն Կարապետյանի այցի հերթական կետն էր: Այստեղ վարչապետը ծանոթացավ ձեռնարկության հնարավորություններին եւ զարգացման հեռանկարներին: Մինչ այստեղ հասնելն էլ վարչապետը հարկադրված կանգառ կատարեց՝ լսելու Արագածոտն համայնքի բնակիչներին, ովքեր վարչապետին հանդիպելու եւ իրենց խնդիրները ներկայացնելու ակնկալիքով խմբվել էին դեպի «Արմաս» գործարան տանող խաչմերուկի մոտ: Բնակիչների հետ էր նաեւ համայնքի ղեկավար Մելսիկ Ղազարյանը: Նա էլ գյուղացիների հետ ներկայացրեց խնդիրները: Գյուղում հիմնական եկամտի աղբյուրը խաղողն է, սակայն, կարկուտը «տարել է» նրանց բերքը: Չկա եկամուտ, մինչդեռ՝ բանկերին պարտքերն ու ջրի եւ հողի հարկերը խեղդում են.

Վարչապետի այցն Արագածոտնի մարզ շարունակվեց Ապարանի տարածքում: Կարեն Կարապետյանը եղավ Վարդենիկ համայնքում գործող նորակառույց սպանդանոցում: Այն լավ հեռանկարներ է խոստանում՝ խթանելով տարածաշրջանում անասնապահության զարգացումը: Վարչապետի այցի առանցքային հանդիպումը կայացավ Արագած համայնքում: Մարզպետարանի ներկայացուցիչների եւ համայնքապետերի հետ վարչապետը քննարկեց մարզի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, լսեց համայնքապետերին՝ առաջարկելով խնդիրները հստակ պատկերացնել եւ դրանց լուծմանը մոտենալ գործնական, հիմնավոր հաշվարկներով ու բիզնես ծրագրեր կազմելով:

Կարեն Կարապետյանը շեշտեց, որ համայնքներից գործնական, հստակ եւ հաշվարկված ծրագրերի է սպասում մինչեւ դեկտեմբերի 25-ը: Խոստացավ նաեւ, որ 3-5 տարվա վերադարձելիություն ապահովող բոլոր համոզիչ ծրագրերը կառավարությունը միանշանակ ֆինանսավորելու է:

Back to top button