Մշակույթ

«Վերջին բնակիչը» կհաղթահարի ժամանակի սրբագրումները»,-համոզված է ֆիլմի ռեժիսորը

alisagevorgyan
«Դրսում դու արժեք չունես, եթե չես ասում, որ քո պետությունը թիկունքիդ կանգնած է: Եթե իհարկե Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա կամ Կուստուրիցա չես». ժամանակակից կինոաշխարհում կայանալու համար Ջիվան Ավետիսյանը կարևորում է ռեժիսորի թիկունքին կանգնած պետության դերը: Ի դեպ, ռեժիսորի «Վերջին բնակիչը» ֆիլմը երեկ ներկայացվեց լայն հանրությանը: Ներսում քննադատությունների, իսկ դրսում՝ գովեստների արժանացած «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսորը սպասում է հայաստանյան լայն հանրության գնահատականներին:

Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերան կայացավ 2016-ի հուլիսին՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում, սակայն հայաստանյան լայն հանրության առաջ ֆիլմն իր դռները բացեց երեկ՝ նոյեմբերի 17-ին:

Դեռ հուլիսին, արցախյան թեմային նվիրված ֆիլմն ուշադրության էր արժանացել հիմնականում  երկու պատճառով. ֆիլմում հնչում է Սերժ Թանկյանի երաժշտությունը, ֆիլմի լեզուն՝ հիմնականում ադրբեջաներեն է: Վերջին փաստը քննադատության ալիք բարձրացրեց Հայաստանում:

«Այդ քննադատությունները ոմանց ստիպեց կանխակալ կարծիք ունենալ ֆիլմի մասին ամգամ մինչև դիտելը, բայց ժամանակը մաքրեց ու  տարավ քննադատության ալիքը»,-ասում է ռեժիսորը՝ համոզված, որ «Վերջին բնակիչը» կհաղթահարի ժամանակի սրբագրումները:

«Ֆիլմն առաջադրվել է 74-րդ «Ոսկե գլոբուսին»: Ցուցադրվել ամերիկայն հայտնի կինոդահլիճներում: Ամենուր ընդունվել է մեծ հաջողությամբ»:

Ջիվան Ավետիսյանն ունի նոր կինոնախագիծ, որի մասին գերադասում է առայժմ լռել և լուռ աշխատել: Կինոյի մասին օրենքի արդեն շրջանառության մեջ մտած նախագծի ու դրա անհրաժեշտության մասին ենք զրուցում ռեժիսորի հետ:

«Եթե դա լինի կինոյի ժամանակակից պահանջներին համահունչ փաստաթուղթ, ուրեմն մենք կշահենք»,-Ջիվան Ավետիսյանի տեսակետն է:

Խոսելով կինոյի զարգացման գործում պետության դերի մասին, ռեժիսորն ասում է.  «Դրսում դու արժեք չունես, եթե չես ասում, որ քո պետությունը թիկունքիդ կանգնած է: Եթե իհարկե բացարձակ հեղինակություն՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա կամ Կուստուրիցա չես: Թեկուզև փոքր ֆինանսավորմամբ, բայց համատեղ կինոարտադրության ոլորտում պետության մասնակցությունը չափազանց կարևոր է»:

Back to top button