Հասարակություն

ԵԱՀԿ մոդել համաժողովը` Երևանում

Մոտ հիսունութ երիտասարդ Հայաստանից հավաքվել էին այսօր Երևանում մեկնարկած ԵԱՀԿ հիմնական որոշում կայացնող մարմիններից մեկի՝ Մշտական խորհրդի երկօրյա դերախաղի շրջանակներում՝ զարգացնելու բանակցությունների, դիվանագիտության և հակամարտությունների կանխարգելման ոլորտներում իրենց հմտությունները  և ընդլայենլու գիտելիքները ԵԱՀԿ մասին:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված երկօրյա ԵԱՀԿ մոդել համաժողովի ընթացքում մասնակիցները կքննարկեն հիպոթետիկ երկրներ Դալութիայի և Վարբիայի միջև դիվանագիտական հարաբերությունները, որոնք տարածքային վեճերին և կիբեր-անվտանգությանն առնչվող խնդիրներ պետք է լուծեն: Այս վարժության նպատակը երիտասարդներին առձեռն փորձի հնարավորություն ընձեռելն է՝ այնպիսի կարևորագույն խնդիրների հետ գործ ունենալիս, որոնց հետ պետություններն առերեսվում են տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում: «ԵԱՀԿ մոդել համաժողովի կազմակերպումը Հայաստանում բարի ավանդույթի է վերածվել, որը հնարավորություն է տալիս երիտասարդներին գործածել և բարելավել իրենց բանակցային հմտություները»,- ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Արգո Ավակովը:

«Համաժողովն ապացուցել է, որ արդյունավետ միջոց է՝ ԵԱՀԿ արժեքները երիտասարդների շրջանում խթանելու հարցում: Այն նաև թույլ է տալիս երիտասարդությանը համախմբվել և փորձել խաղաղ բանակցությունների միջոցով կոնսենսուսի հասնել» :

Նախքան ԵԱՀԿ մոդել համաժողովը, մասնակիցները բանակցային հմտությունների, հրապարակային խոսքի, ինչպես նաև ԵԱՀԿ և դրա գործունեության և կիբեր-անվտանգության մասին դասընթացներ են անցել: Դերախաղային վարժության նպատակը Հայաստանի երիտասարդությանը երկրի համար կարևոր հարցերի մեջ ներգրավելն է: Այն նրանց հնարավորություն է տալիս հանդես գալ որպես դեսպաններ և հասնել համաձայնության, որը համապատասխանում է բոլորի շահերին:

Անցած ամիս ևս մեկ ԵԱՀԿ մոդել համաժողով էր կազմակերպվել Հայ-ռուսական համալսարանի ուսանողների համար: Այդ դերախաղային վարժության քննարկման առարկան երկու հիպոթետիկ պետությունների միջև ազգային փոքրամասնություններին առնչվող խնդիրների լուծումն էր: ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ԵԱՀԿ մոդել համաժողովներ է կազմակերպում՝ սկսած 2008 թվականից:

Back to top button