ՀասարակությունՔաղաքական

Պաշտպանության նախարարը Հանրային խորհրդի հետ քննարկել է «1000 դրամ» ծրագիրը

ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած քննարկումների շրջանակում նոյեմբերի 16-ի երեկոյան ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հանդիպումը ՀՀ Հանրային խորհրդի անդամների հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ծրագիրը (զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից ամսական 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին), «Ազգ-բանակ» գաղափարի կյանքի կոչման դրույթները:

Տեսակետներ և կարծիքներ են փոխանակվել առաջարկվող ծրագրի ներդրման նպատակահարմարության, արդյունավետ կիրառման և կառավարման, թափանցիկ վերահսկման մեխանիզմների ձևավորման անհրաժեշտության, զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին աջակցելու հասարակության պատրաստակամության և այլ հարցերի շուրջ:

Հաշվի առնելով քննարկվող նախագծի նկատմամբ հասարակության հետաքրքրությունը` ՀՀ Հանրային խորհրդի անդամներն ընդգծել են նման քննարկումների և տեսակետների փոխանակման կարևորությունը:

Back to top button