Հասարակություն

Հավաստագրեր՝ «Հեռավար ուսուցում» դասընթացի մասնակից ուսուցիչներին

sonahakobyan
Ավարտվել է «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով մանկավարժների հերթական դասընթացը: Դասընթացների շնորհիվ  հեռավար հմտություններին տիրապետող մասնագետները մշակել, համակարգում տեղադրել և անցկացրել են տարբեր ուսումնական առարկաների հեռավար դասընթացներ՝ գործընկերների, ուսանողների և աշակերտների համար: Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով դասընթացի լավագույն ուսուցիչներին  հանձնվել են հավաստագրեր: Դրանք հանձնել է ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Միջոցառման ընթացքում ներկայացվել է նաև դպրոցների էլեկտրոնային անձնագրերի նորաստեղծ քարտեզը:

«Հեռավար ուսուցում» համակարգում ավարտվել է տարբեր առարկաների ուսուցիչների համար կազմակերպված «Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ» թեմայով հերթական դասընթացը: Այս տարվա արդեն 4-րդ դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացել են հեռավար դասընթաց ստեղծելու գործիքներին, ստեղծել էլեկտրոնային ուսումնական նյութեր և հեռավար ուսուցման դասընթացների նախագծեր: Անդրադառնալով այս դասընթացներին՝ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանն այն կարևորեց հատկապես գյուղական դպրոցներում սովորողների գիտելիքների և որակի ապահովման տեսանկյունից:

Վերապատրաստման դասընթացները շատ են կարևորում հատկապես դրանց մասնակից մանկավարժները: Նրանք ոչ միայն նոր հմտությունների են տիրապետել, այլև դասընթացները փորձի փոխանակման լավագույն հարթակ է և հետագա համագործակցության նախադրյալ՝ ասում են:

Այսպիսով՝ դասընթացին ակտիվ ու արդյունավետ մասնակցություն ցուցաբերած և փոքր հեռավար դասընթացներ մշակած տարբեր մարզերի 34 ուսուցիչ արժանացան Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հավաստագրերի: Մանկավարժների հետ հանդիպման ընթացքում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը ներկայացրեց նաև դպրոցների էլեկտրոնային անձնագրերի նորաստեղծ քարտեզը: Կայքը հասանելի է բոլոր նրանց համար, ում հետաքրքրում է հանրակրթության ոլորտը:

Վերադառնալով վերապատրաստման հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններին՝ նշենք, որ 2011 թվականից մինչ օրս կազմակերպվել են 136 դասընթացներ, որոնց մասնակցել են 1227 մանկավարժներ: Ծրագրի շրջանակներում ստեղծվել և համակարգում տեղադրվել են բոլոր ուսումնական առարկաներից շուրջ 300 փորձնական դասընթացներ:

Back to top button