Տնտեսական

Հնարավոր չէ ունենալ արդյունավետ տնտեսություն առանց ցավոտ քայլերի.Ֆիննախ

hasmikdilanyan
Շատ բարդ բան է մարդուն զրկել աշխատանքից, բայց միևնույն ժամանակ կարևոր է՝ որքանով է արդյունավետ տվյալ մարդու աշխատանքը: «Ռադիոլուր»-ի հարցին, կա՞ն հաշվարկներ, թե ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից քանի հոգի է զրկվելու աշխատանքից, պատասխանել է  ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: «Դեռևս ամբողջական հաշվարկ չունենք: Օրինակ, ֆինանսների նախարարության մասով ես կանխատեսումներ ունեմ, մոտավորապես, կարող ենք տնտեսել շուրջ 150-200 միլիոն դրամ: Կրճատվողները կարող են լինել մոտ 50 հոգի: Այդ ամբողջ աշխատանքներն ամփոփ տեսքով կունենանք, երբ բոլոր ՊՈԱԿ-ների մասով կետ առ կետ ամփոփենք»,-ասել է ֆինանսներրի նախարարը:

«Շատ բարդ բան է մարդուն զրկել աշխատանքից՝ հաշվի առնելով հանգամանքը, որ այդ մարդիկ ընտանիք ունեն:  Եթե մարդը նստած է իր աթոռին, ստանում է այդ եկամուտը և որևիցե ավելացված արժեք չի ստեղծում, ապա ես, որպես ֆինանսների նախարար, պետք է դրա նկատմամբ անտարբեր չլինեմ: Եթե այդ գումարը ես կարող եմ տնտեսել և նույն ծառայությունն այլ ձևաչափով ունենալ, ուրեմն պետք է գնամ դրան: Իհարկե, շատ բարդ բան է, ես ինքս խոսել եմ այդ մարդկանց հետ, շատ դժվար է նայել մարդկանց աչքերի մեջ, հետո գալ և որոշում կայացնել: Ես ներողություն եմ խնդրում փողոցում հայտնված մարդկանցից, որոնց մենք պարտադրված ենք հանել: Բայց խնդրում եմ նաև ըմբռնումով մոտենալ մեր այդ քայլին, որովհետև մենք որևէ անձնական բան չունենք, մենք ուզում ենք կարգավորել մեր ֆինանսները: Հարցին այլ տեսանկյունից պետք է մոտենալ. երկու երնեկ մի տեղ չի լինում. հնարավոր չէ, որ ունենանք արդյունավետ տնտեսություն, արդյունավետ տնտեսական կամ ծախսային քաղաքականություն, առանց ցավոտ քայլերի: Մենք պետք է հասկանանք, թե մեզ համար կարևորն ինչն է: Արդեն մի քանի անգամ ասել եմ՝ կարևորն այն է, որ հարկատուից վերցրած փողը արդյունավետ ծախսվի»:

Back to top button