Հասարակություն

Սարի թաղի զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ

2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երևանի «Սարի թաղ» թաղամասում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և դրանց մասնակցելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ նույն օրը Երևան քաղաքի Ազատության հրապարակից քաղաքացիների երթը մեկնարկելուց առաջ նախապես ծրագրվել, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել «Սարի թաղում» զանգվածային անկարգություններ իրականացնելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ճեղքել ոստիկանական պատնեշը, անկարգության մասնակիցներին հասցնել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ, օժանդակել 2016 թվականի հուլիսի 17-ից հիշյալ գունդը զավթած անձանց հանցավոր գործողություններին: Այդ մասին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործը պահանջվել է ՀՀ քննչական կոմիտեի Հատուկ կարևորագույն գործերով քննության գլխավոր վարչությունից և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը զավթելու և պատանդ վերցնելու դեպքերի վերաբերյալ քննվող քրեական գործին միացնելու և համատեղ քննություն կատարելու համար:

Back to top button