Հասարակություն

Համայնքային բյուջեն համալրվում է ձմռանը

satikisahakyan

Գեղարքունիքի մարզի  Լիճք գյուղի տեղական  բյուջեն կատարվում է ձմռանը, որն համալրվում է  Ռուսաստանում աշխատած միջոցներով, երբ համագյուղացիները վերադառնում են արտագնա աշխատանքից:  Ձմռանը մարվում են նաև խանութների պարտքերը: Ռուսաստանի դրամական փոխանցումերով  Լիճքում կառուցված նոր թաղամասը գյուղացիները պայմանականորեն անվանել են Պուտինկա:

Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածքի  լիճք համայնք մտնելիս  ավտոճանապարհի   ձախակողմյան հատվածում նկատելի են երկհարկանի առանձնատներ, որոնք կառուցվել են Հայաստանի անկախացումից հետո:  Նորակառույց թաղամասը ստացել  է <<Պուտինկա>>անունը, քանի որ այն կառուցվել է Ռուսաստանում աշխատած միջոցներով: Եթե խորհրդային տարիներին գյուղի տղամարդկանց գրեթե կեսն էր մեկնում արտագնա աշխատանքի, ապա հիմա համատարած բոլորն են գնում:  Փորձելով լուսանկարել թաղամասի նորակառույցները՝ տեղացիներից մեկը ձայն տվեց՝ տղամարդ չկա, միայն կանայք են ու երեխաներ:

Զրուցակիցս Պուտինկա թաղամասի դիմացի  ճամփեզրին գտնվող խանութպանն էր:  Խանութի վաճառասեղանին  դրված էր հաստ մատյան, որտեղ գրանցվում էր հերթական պարտքատիրոջ անունը և գումարի չափը: Վաճառողը չցանկացավ հրապարակել այն, իսկ թվացյալ հարուստ թաղամասի բնակիչները պարտքով են առևտուրն անում:

Ժամանակավոր փող չունեն, քանի որ Ռուսաստանում գործ չկա, աշխատավարձերն ուշացնում են, իսկ  ուղարկած փողն էլ արժեք չունի: Խանութպանը կատակեց. <<Եթե պարտքերը հաշվեմ, երևի վաղն առավոտյան թռնեմ Ռուսաստան>>՝ թերևս՝ պարտքերի  հետևից:  Խանութում գերակշռողը օղին ու ծխախոտն էր: Վաճառողն ասաց, որ դրանք ձմռան համար են նախատեսել, բոլորը խաշ են դնում, նոր տարվա հյուրերին էլ են խաշ հրամցնում:

Ձմռանը պարտքերը մարելու ժամանակն է: Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանի անհանգստությունը համայնքային բյուջեն կատարելու վերաբերյալ՝ փարատվում է ձմռանը: Խոպանչիները վերադառնում են, բյուջեն համալրում, իսկ մինչ այդ այն թերի է:

Ռուսաստանի աշխատած գումարներով համալրված բյուջեից նաև ներդրումներ են կատարվել  գյուղում: Գյուղապետը թվարկեց իր ղեկավարման ժամանակաշրջանում համայնքի բյուջեով իրականացված աշխատանքները՝ ջրագծի նորոգում, ասֆալտապատում, լուսավորության անցկացում:

Ռուսաստանում մշտապես ապրող համագյուղացիների և տեղի բնակչության ներդրումներով  գյուղում կառուցվել  է եկեղեցի, որի ծախսը կազմել է շուրջ  360 000 դոլար: Գնել Գրիգորյանը նշեց, որ գյուղում աշխատատեղեր չկան,  նախկինում բնակչության  զբաղվածությունն ապահովել է <<Լիճք>> հանքային ջրերի գործարանը:  Գյուղացիները ցանկանում են լավ ապրել, ինչն էլ խոպան գնալու պատճառ է դարձել, իսկ գյուղատնտեսական աշխատանքների  թեժ շրջանում  հողը մշակում են  պատանիներն ու կանայք: Գյուղատնտեսական աշխատանքներն արդյունավետ դարձնելու նպատակով համայնքում ստեղծել են գյուղատնտեսական կոոպերացիա, սակայն մեխանիզացիան ամռանը աշխատացնող չունեն:

<<Ստիպված 17-18 տարեկան տղաներին ենք խնդրում, համոզում, որ գան մեխանիզացիան աշխատացնեն, բայց չեն հասկանում տեխնիկայից: Հինգ խոտհնձիչ ունենք, հինգն էլ շարքից դուրս են եկել, Իտալական տեխնիկան չի դիմանում մեր լեռնային ու քարքարոտ հողերին>>,- ասաց գյուղապետը:

Դժվարությունները հաղթահարվում են և Լիճքում, և Ռուսաստանում, ձմռանը  բոլորը համախմբվում են մեկ տանիքի տակ, իսկ հաջորդ գարնանը մտածում Ռուսաստանում աշխատանք գտնելու մասին, եթե չեն հայտնվել մուտքի արգելքի տակ:

Back to top button