ԿարևորՔաղաքական

Յուրաքանչյուր աշխատող 1000 դրամ կփոխանցի զոհված եւ վիրավոր զինծառայողների աջակցության հիմնադրամին

տեղադրվել է ժամը 11։58- ին
վերջին լրացումը՝ 17։55- ին

hasmikdilanyan

Տեխնիկական բնույթի ու հանրությանը առանձնապես չհետաքրքրող հարցերն այսուհետ կառավարության նիստում  կտարբերակվեն որպես չքննարկվող հարցեր: Մեկ տասնյակից ավելի հարցեր այսօր հաստատվել են առանց քննարկվելու։ Այսօր էլ հնչել են մի շարք հանձնարարականներ ու տրվել դրանք կատարելու կոնկրետ ժամկետներ: Մինչև տարեվերջ վարչապետը մարզեր է այցելելու և տեղի ղեկավարների հետ քննարկելու է թե զարգացման ինչ ծրագրեր կան, ինչ բեռ են պատրաստ  համայնքները վերցնել:  « Յուրաքանչյուր  ռեգիոնալ  կառավարման ներկայացուցիչ  պետք է գիտակցի՝ մենք կանգնելու ենք  այն մարդու կողքին,  ով  պատրաստ է  իր վրա բեռ վերցնել, նախաձեռնող է, այլ ոչ թե պահանջող ու ոչ  մի բան չանող»,- ասել է նա։

 

 

Օրենսդրական փաթեթ ու նախաձեռնություն, որին կմիանան աշխատող ֆիզիկական անձինք ու՝ ոչ միայն:  2016 թ ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ ծավալուն ռազմական գործողություններ սկսելու  պարագայում, զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառվող վնասները միայն ՀՀ պետական բյուջեի՝ այս պահին նախատեսված միջոցների հաշվին ամբողջ ծավալով հնարավոր չի փոխհատուցել:  Հնարավոր չի նաև  նրանց ընտանիքների ծախսերը հոգալ պետական միջոցներով:

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տեղեկացմամբ, ֆինանսական լրացուցիչ աղբյուրների ու նոր համակարգի ներդրման անհրաժեշտություն կա: Ուստի ՀՀ նախագահի հանձնարարությամբ՝ մշակվել է և նախատեսվում է ներդնել   հատուցման հատուկ համակարգ, որն իր մեջ կներառի ու կհամախմբի պետական և հասարակական աջակցության տարրերը: Համակարգի հենասյունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող հատուկ հիմնադրամն է լինելու, որը  միավորելու է թե պետությունից, թե հասարակության տարբեր խավերից ստացվող դրամական միջոցները:

Պաշտպանության նախարարի վստահեցմամբ,  կապահովվի այդ միջոցների պրոֆեսիոնալ կառավարումը: Նախատեսվում է  զինծառայողի մահվան դեպքում հատուցման գումարները վճարել ընտանիքի անդամներին։ Համակարգը կներդրվի 2017թ հունվարի 28-ից հետո առաջացած  դեպքերի համար:

Մահվան և առաջին կարգի հաշմանդամության պարագայում նախատեսված է տասը մլն դրամ միանվագ վճարում, երկրորդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում՝ հինգ մլն դրամ, ապա 20 տարիների ընթացքում ապահովագրական վճար , առաջին կարգի հաշմանդամին՝ սպայական անձնակազմին 300 հազար դրամ, ենթասպայականին՝ 250 հազար դրամ, շարքային զինծառայողներին՝ 200 հազար դրամ: Երկրորդ կարգի հաշմանդամների համար այդ գումարները համապատասխանաբար կկազմեն՝  200, 150, 100 հազար դրամ: Արդյունքում՝ զոհվելու կամ առաջին կարգի հաշմանդամության պարագայում սպայի ընտանիքին կհատկացվի 82 մլն դրամ, ենթասպային՝ 70 մլն դրամ, շարքյաինին՝ 58 մլն դրամ:

Վիգեն Սարգսյանի փոխանցմամբ,  հիմնադրամի կողմից անհրաժեշտ գումարները վճարելու համար  դրամական միջոցները   կձևավորվեն հետևյալ աղբյուրներից՝   յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական հազար դրամ կվճարի, բացի այդ՝ դրամաշնորհային վճարներ կլինեն, հատուկ այդ նպատակով  արժեթղթեր կթողարկվեն ու կվաճառվեն:

Հիմնադրամը կառավարման համակարգ կունենա՝ ՀՀ կառավարության, ԿԲ, հասարակության ներկայացուցիչներից բաղկացած հոգաբարձուների տեսքով, գործադիր տնօրեն, գործադիր հանձնաժողով կլինի , որի միակ գործառույթը լինելու է հիմնադրամի միջոցների պրոֆեսիոնալ   կառավարումը: « Օրենքի ներդրման արդյունքում կներդրվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը  պատճառված վնասների հատուցման , ապահովագրական հատուցման,  հասարակության վստահությունը վայելող պարզ, թափանցիկ համակարգ»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ հասարակության կողմից ընդունելի մոտեցում կլինի մարտական գործողությունների հետևանքով զոհվածների ընտանիքների և հաշմանդամ դարձած անձանց համար ֆոնդ ձևավորելը:  Դա, ըստ նախարարի, կնպաստի նշված անձանց լիարժեք և ամբողջական սոցիալական երաշխիքների կարգավորմանը: «Կարծում եմ, որ ցանկացած ապահովագրական համակարգ ենթադրում է համապատասխան վճարումներ, իսկ ամենակարևոր սկզբունքը, որն առաջարկվում է ներկայացված նախագծով, հնարավորինս ներդնել գումարներ, կառավարման միջոցով ավելացնել այդ գումարները»։

Հարցին, թե դա սոցիալական բեռ չէ՞ օրինակ 55 000 դրամ աշխատավարձ ստացողի համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Ինչը վերաբերում է նվազագույն աշխատավարձ ստացողներին, այդ մասով բեռը չի կարող ընկնել քաղաքացիների վրա, իսկ մնացած աշխատավարձերի միջակայքում նախատեսված է վճարը 1000 դրամի չափով»: Դիտարկմանը, թե ինչու պետք է ցածր աշխատավարձ ստացողից էլ, մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողից էլ նույն գումարը գանձվի, կամ ինչու որոշում չի կայացվել պաշտոնյաների աշխատավարձից ավելի շատ պահումներ կատարել՝ ֆոնդին փոխանցելու համար, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Դրանք մոտեցումներ են, որոնք կարող են քննարկումների փուլ անցնել»: 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին, նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն: Ֆոնդը կառավարելու են Կառավարությունը, Կենտրոնական բանկն ու Հոգաբարձուների խորհուրդը»:

Կառավարության որոշմամբ՝ ծննդի և մահվան մասին բժշկական վկայականներ ստանալու հետ կապված գործառույթները կպարզեցվեն:  2017թ հունվարի մեկից երեխայի ծննդի և քաղաքացու մահվան բժշկական վկայականը ՔԿԱԳ մարմիններ ներկայացնելու պահանջը կվերանա, իսկ բժշկական հաստատություններում կներդրվի ծննդի և մահվան բժշկական վկայականների պատրաստման էլեկտրոնային միասնական համակարգ: Սա, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, թույլ կտա   միասնականացնել բժշկական անձնակազմի գործառույթները և կրճատել այդ գործառույթների կատարման ժամկետները:

Հայաստանում գյուղացիական տնտեսություններին  տրամադրվող սուբսիդավորման գործընթացը կվերանայվի: Դիզվառելիք, թե սերմացու՝ կարևորը, որ այն  հասցեատիրոջը  հասնի՝ ասում է վարչապետ Կարեն Կարապետյանը։ «Սուբսիդավորման գործընթացը կվերանայվի՝ սերմ, վառելիք, մենք պետք է վստահ լինենք:  Ծախսերը էֆեկտիվ ենք կատարում, գնում ենք էֆեկտիվ ու հասցեատիրոջը հասնում ենք: Կունենանք տնտեսում»:

Կառավարությունն այսօր որոշեց նաև նախկինում ֆիննախին, այժմ ՊԵԿ-ին պատկանող Դիլիջանի ուսումնական կենտրոնը փոխանցել  պետգույքի կառավարման վարչությանը:

Սոցիալական գովազդի պահպանման վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմինն այսուհետ մշակույթի նախարարությունն է՝ կրկին կառավարության որոշմամբ:

Back to top button