Մշակույթ

Վաղվա ստեղծագործողը պետք է ավելի ազատ լինի

alisagevorgyan
«Դաշտն ամայի չէ, իսկապես, շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Նրանց պարզապես պետք է ասել՝ սիրում ենք ձեզ, ու դուք մեզ պետք եք». «Ռադիոլուր»-ի հետ զրույցում հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը խոսել է անկախ ստեղծագործողների խնդիրների մասին, մարդիկ, որոնք կարող են նոր գույն ու բովանդակություն բերել մեր մշակութային իրականությանը, սակայն Հայաստանում նրանք անտեսված են:

«Անտեսանելի ձեռքի ջանքերով մեզանում տարիների ընթացքում ստացվել է այնպես, որ անկախ ստեղծագործողները, այսինքն՝ ովքեր որևէ կոլեկտիվի կամ պրոդյուսերի հովանու ներքո չեն, ստիպված մնում են սիրողական մակարդակում: Երգն ու երաժշտությունը նրանց համար դառնում է երկրորդ աշխատանքի նման մի բան, քանի որ ապրելու համար անհրաժեշտ է ունենալ  այլ մասնագիտություն: Բազմաթիվ տաղանդավոր մարդիկ այսօր երաժշտությամբ զբաղվում են որպես հոբբի»,-հեղինակ-կատարող, կամ, ինչպես ինքն է նշում, անկախ ստեղծագործող Լիլիթ Բլեյանը նաև հավելում է. «Անկախ պրոդյուսերական դպրոցը Հայաստանում այդպես էլ չկայացավ, ուստի  պետությունն է շարունակում մնալ այն ուժը, որը տիրապետում է դաշտը կանոնակարգելու ինչ-ինչ գործիքների.«Իմ մեծ ցանկությունն է հասկանալ՝ դրվել է այդպիսի խնդիր»:

«Ինձ հետաքրքում էր՝  հայկական երաժշտական բովանդակության առումով այսօր ինչպիսի՞ նախաձեռնություններ ու պատկերացումներ կան, որքանով է կարևորվում անկախ ստեղծագործի ներկայությունը մշակութային տիրույթում»,-ասում է Լիլիթ Բլեյանը՝ նշելով, որ մշակույթի նախարարի հետ օրերս կայացած հանդիպմանն ակնկալում էր ստանալ հենց այս հարցերի պատասխանները և ստացավ, թերևս, կարևորագույն հարցի պատասխանը:

«Խնդիր է դրվել՝ բացահայտել մարդկանց, որոնք կարող են նոր գույներ բերել մեր երաժշտական իրականություն: Շատ ուրախ եմ, որ ընդունվում են նոր, հետաքրքիր առաջարկներ»,-ասում է երգչուհին: Առաջարկությունների իր ցանկը  կներկայացնի արդեն գրավոր տեսքով:

«Դաշտն ամայի չէ, իսկապես, շատ տաղանդավոր երիտասարդներ կան: Նրանց պարզապես պետք է ասել՝ սիրում ենք ձեզ, ու դուք մեզ պետք եք»,-ասում է հեղինակ-կատարող Լիլիթ Բլեյանը:

Back to top button