Հասարակություն

Սևանա լճում հայտնաբերվել է ձկնորսներից մեկի մարմինը

Հոկտեմբերի 31-ին Սևանա լիճ ձկնորդության դուրս եկած 2 ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին փրկարարները երեկ հայտնաբերել են ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ՝ նրանց ջրասուզված մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռու։

Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության կայքը և հիշեցնում, որ հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվել էին ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:

Նոյեմբերի 6-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը: Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա:

Նոյեմբերի 7-ին նախարար Ա. Երիցյանը հանձնարարել էր չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:

Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են:

Back to top button