Հասարակություն

ԱՊՊԱ. փոփոխությունները կգործեն 2017-ի ապրիլի 1-ից

karenghazaryan
Ավտոապահովագրական ոլորտում հատուցումների ամբողջական վերանայման եւ փոփոխությունների ներդրման արդյունքում կավարտվի այս փուլում ոլորտի բարելավման գործընթացը: Հատուցումների գործընթացը ամբողջապես վերանայվել է, փոփոխությունները բավականին շատ են: Մի քանի հիմնական սկզբունքներ է լրագրողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ներկայացրել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նա տեղեկացրել է, որ կատարված փոփոխությունները գործողության մեջ կդրվեն 2017-ի ապրիլի մեկից:

 

 

Ավտոապահովագրական հատուցումների ընթացակարգերից ամբողջությամբ հանվել են ավելորդ գործընթացները: Դրանք պարզեցվել են՝ քչացվել են կիրառվող փաստաթղթերը, ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները, որպեսզի վարորդներն ԱՊՊԱ պայմանագրերը կնքեն եւ հատուցումները ստանան՝ առանց ապահովագրական ընկերություններ այցելելու եւ հնարավորինս կարճ ժամկետներում: Այս մասին վստահեցնելով՝ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը պարզաբանեց կատարված փոփոխությունների մի քանի հիմնական դրույթներ:

«Առաջինը՝ համակարգում ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգը: Սա նշանակում է, որ պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերերը հատուցում կստանան իրենց հետ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններից, իսկ հատուցում վճարող ապահովագրական ընկերությունները հետագայում փոխադարձ հաշվարկներով եւ հետադարձ պահանջի իրավունքով այդ գումարները հետ կստանան վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից»:

Սա հնարավորություն է տալիս, որ վարորդներըը գործ ունենան միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ: Դա շարժառիթ կարող է դառնալ, որ ընկերությունները որակյալ ծառայություններ մատուցեն եւ գործի մրցակցության սկզբունքը: Վահան Ավետիսյանի խոսքով՝ ակնկալում են, որ նաեւ հատուցման ժամանակի կրճատում տեղի կունենա: Ապահովագրական հատուցման տեւողության ժամանակի կրճատում կատարվել է նաեւ փոփոխություններով:

«Սահմանել ենք նոր ժամկետներ: Պարզեցված հատուցման գործընթացում ներկայիս 9-81 օրը դարձել է 6-17 օր՝ 233 անգամ կրճատվել է: Ստանդարտ հատուցման գործընթացը, այսինքն, պարզեցված հատուցման գործընթացից տարբերվող մնացած բոլոր դեպքերում 16-119 օր ներկայիս գործընթացը դարձել է 10-41 օր»:

Այսինքն, միջինում 2 շաբաթվա ընթացքում հնարավոր է ամբողջությամբ կազմակերպել ապահովագրական հատուցման փորձաքննությունների ամբողջ գործընթացը՝ հավելեց Վահան Ավետիսյանը:  Նա տեղեկացրեց նաեւ, որ կարեւոր փոփոխություններից մեկն էլ վերաբերում է ապահովագրական պատահարների արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա գումարի առավելագույն չափին: Այն մեծացվել է:

«Պահպանելով մեկ տուժողի համար 1 մլն 800 հազար սահմանաչափը՝ բոլոր տուժողների համար մեկ պատահարով 1 մլն 800 հազար դրամը բարձրացվել է մինչեւ 18 մլն դրամ: Այսինքն՝ տասը անգամ ավելացվել է: Այս պահի վիճակագրությամբ՝ սա ծածկում է բոլոր տուժողներին հատուցվող բոլոր վնասները»:

Կատարված բոլոր փոփոխությունները սպառողների եւ տուժողների շահերի պաշտպանության նկատառումներով են արված՝ վստահեցրեց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրենը՝ նշելով նաեւ, որ ստանդարտացվել են բոլոր տիպի փաստաթղթերը: Այսինքն՝ գործընթացում բոլոր ապահովագրական ընկերությունները կիրառում են նույնանման փաստաթղթեր: Բոլոր փոփոխությունները ուժի մեջ են մտնելու 2017-ի ապրիլի 1-ից: Դրանք տարածվելու են, ինչպես գալիք տարվա ապրիլի մեկից հետո կնքվելիք պայմանագրերի, այնպես էլ  այդ օրվա դրությամբ գործող պայմանագրերի վրա: Փոփոխություններին կարելի է ծանոթանալ բյուրոյի կայքէջում:

Back to top button