Հասարակություն

Հայաստանի 6 դպրոցներում չինարեն են ուսուցանում, դրանց կավելանա եւս մեկը

sonahakobyan

Երևանում մեկնարկել է Դպրոց-կենտրոնների միության և Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի կողմից կազմակերպված «Դպրոցների տնօրենների միջազգային համաժողովը»: Համաժողովին մասնակցելու համար Հայաստան են ժամանել հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից և Չինաստանից:  Համաժողովին մասնակցել է նաև  Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը: Նկատելով, որ հայ-չինական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, դեսպանը հույս է հայտնել, որ համաժողովի անցկացումն առավել կխորացնի հայ-չինական կրթական համագործակցությունը: 

 

Դեռ  2009 թվականին, երբ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում բացվեց Կոնֆուցիոսի ինստիտուտը, նաև հանրակրթական դպրոցներում չինարենի ուսուցման համար հիմք դրվեց: Վերջին տարիների փորձն ու չինարեն ուսումնասիրողների թիվը ցույց են տվել, որ այս լեզուն բավականին մեծ տարածում է ստացել մեր կրթական համակարգում: Այս առումով կարևորելով Դպրոց-կենտրոնների միության և Կոնֆուցիոսի ինստիտուտի կազմակերպած համաժողովը՝ Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանը ընդգծեց, որ համաժողովը փորձի փոխանակման ու  լեզվի դասավանդման մեթոդիկայի յուրացման հարթակ է։

Հայաստանի 6 դպրոցներում արդեն սկսել են ուսումնասիրել չինարենը: Այս լեզվի ուսուցման բավականին լավ նախադրյալներ կան նաև Հայրապետ Հայրապետյանի անվան համար 78 հիմնական դպրոցում: Դպրոցի տնօրեն Ազնիվ Միրզոյանը հայտնեց, որ մինչև ամսվա վերջ կբացվի չինարենի դասասենյակը։

Երկօրյա համաժողովը, համախմբելով ինչպես տեղական, այնպես էլ միջազգային փորձը, մեր ուսուցիչներին հնարավորություն կտա տեղում ծանոթանալ միջազգային փորձին: Ինչպես նկատեց «Դպրոց-կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ Ռուզաննա Մուրադյանը՝ չինարենի դասավանդումը պարզապես լեզվի ուսուցում չէ: Միջմշակութային հաղորդակցման միջոցով երեխաները կծանոթանան նաև այլ ժողովուրդների ազգային ավանդույթներին ու սովորույթներին։

 

Back to top button