Մշակույթ

Սառույցի արքաները՝ Երեւանում

Նոյեմբերի 27-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հայ հանդիսատեսը հնարավորություն կստանա դիտել «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE» բացառիկ շոու-ծրագիրը: «FORPOSTART Production»-ի նախաձեռնությամբ`պարարվեստի մասնագետները, ռեժիսորները, սցենարիստները, ձևավորողները, գեղանկարիչներն ու համաշխարհային գեղասահքի աստղերը` Եվգենի Պլյուշչենկոյի գլխավորությամբ, կներկայացնեն յուրահատուկ ձևաչափ ունեցող երեկո:

Կցուցադրվեն նաև հայ տաղանդավոր նորաձևության տների մոդելավորողների 2017 թվականի հավաքածուները: Միջոցառման ժամանակ ելույթ կունենան ռուսական էստրադայի հայտնի երգիչները, երաժիշտները, պարային խմբերը, կրկեսի և օրիգինալ ժանրի ներկայացուցիչները, գեղասահքի աստղերը:

Նրանց թվում են ջազի թագուհի Մարիամ Մերաբովան և Միրայֆ խումբը, երգչուհիներ Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան, Ալյոնա Վասիլևան և վիրտուոզ ջութակահար Էդգար Հակոբյանը: Սառցե շոուի այս յուրատեսակ ձևաչափն իրականացվել է հատուկ հայ հանդիսականի համար:

Սառույցի վրա ցուցադրվող ներկայացումը բաղկացած կլինի պարային, գործիքային երաժշտության, վոկալ, էստրադային-կրկեսային, հետաքրքիր տեսաշարի, նորաձևության ցուցադրության համարներից: Բեմականացված և արտասովոր կատարումներով հանդես կգան ոչ միայն Ռուսաստանի, այլև Եվրոպայի և Հայաստանի համաշխարհային մակարդակի գեղասահորդները, իսկ որպես գլխավոր մենակատարներ ելույթ կունենան Եվգենի Պլյուշչենկոն և Ադելինա Սոտնիկովան:

Հիշեցնենք, որ «FORPOSTART Production»-ը 2016 թվականի մարտի 5-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում օլիմպիական չեմպիոնների, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների մրցանակակիրների մասնակցությամբ կազմակերպել էր «Սառույցի արքաները» շոուն: Շոուի գլխավոր ներշնչողը՝ Եվգենի Պլյուշչենկոն, Հայաստան էր հրավիրել էր սառցե աշխարհի իր ընկերներին:

Ինչպես և մարտի 5-ին կազմակերպված «Սառույցի արքաները», այնպես էլ «KINGS ON ICE PRESENT-FASHION ON ICE»-ը հավակնում է ընդգրկվել այս տարվա լավագույն հայաստանյան միջոցառումների ցանկում:

Back to top button