Հասարակություն

Զգուշացեք պահածոյացված սնունդից՝ մահվան ելքով միջադեպից հետո հիշեցնում են բժիշկները

sonahakobyan

Հայաստանում այս տարի արձանագրվել է սննդային թունավորման 6 դեպք՝ 15 տուժածով և 2 մահվան ելքով: Չնայած վերջին տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ սննդային թունավորումները նվազել են,  այդուհանդերձ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը նկատել է, որ մեր հասարակությունում դեռևս արմատացած է տնային պայմաններում պահածոներ պատրաստելու ավանդույթը։ ԱՆ ներկայացուցիչը հորդորել է օգտվել գործարանային արտադրությունից։ Եթե անգամ տնային պայմաններում պատրաստված պահածոներ են օգտագործվում, անպայման ուտելուց առաջ պետք է այն եռացնել՝ ասել է Մարգարիտա Բաբայանը:

Եթե պահածոյացված սննդամթերք օգտագործելուց մեկ կամ երկու ժամ հետո նկատեք սրտխառնոց, գլխապտույտ կամ ընդհանուր թուլություն, անհապաղ դիմեք բժշկի: Դրանք կարող են բոտուլիզմի ահազանգ լինել:  Անդրադառնալով օրերս արձանագրված մահվան դեպքին՝ առողջապահության նախարարության առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը նշեց, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պահածոյացված ծիծակի օգտագործումն էր:

Որքան էլ մասնագետները հորդորում և զգուշացնում են օգտագործել  բացառապես գործարանային արտադրության պահածոներ, տնային տնտեսուհիների մեծամասնությունը շարունակում է պահածոյացնել տնային պայմաններում, իսկ ընտանիքի մյուս անդամները նախընտրում են այսպես ասած տնական արտադրանքը գործարանայինից:

Բոտուլիզմից խուսափելու համար ԱՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ խորհուրդ տվեց չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոները՝ հատկապես կարմիր պղպեղը: Կամ գոնե օգտագործելուց առաջ տարայի պարունակությունը պետք է դատարկել կաթսայի մեջ եւ 20-25 րոպե եռացնել, քանի որ այդ ժամանակահատվածում թույնը քայքայվում է, ու սնունդը անվտանգ է դառնում: Մասնագետի  խոսքով՝ պահածո արտադրող կազմակերպությունների արտադրանքն անվտանգ է, քանի որ տեխնոլոգիական գործընթացի ժամանակ համապատասխան ջերմային մշակումից հետո  սպորները ոչնչանում են: Սննդամթերքը թարմ պահելու համար շատ  լավ տարբերակ է նաև այն սառցարաններում պահելը:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը: Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բիբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված:

Back to top button