Հասարակություն

ԶՈւ-ում նվազել են կոռուպցիոն ռիսկերն ու ծանր հանցագործությունները՝ ասել է ՌՈ պետը

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում:

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության վարչության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը պաշտպանական գերատեսչության ղեկավարին զեկուցել է զորամասերում հանցագործությունների և պատահարների կանխարգելման ու նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ իրականացվող քայլերի և միջոցառումների վերաբերյալ, ներկայացրել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքների արդյունքում արձանագրված դրական միտումները:

Զեկույցում ընդգծվել է, որ Ռազմական ոստիկանության որդեգրած մարտավարության և իրականացված օպերատիվ միջոցառումների արդյունքում զինված ուժերում էապես նվազել են կոռուպցիոն ռիսկեր պարունակող դեպքերն ու ծանր հանցագործությունները: Տարաբնույթ միջոցառումներ են իրականացվել հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները ժամանակին հայտնաբերելու և նախականխելու ուղղությամբ: Դրան զուգահեռ շոշափելի արդյունքներ են գրանցվել բանակին հասցված նյութական վնասների հայտնաբերման և վերականգնման ուղղությամբ:

Սամվել Ղուկասյանը հավաստիացրել է, որ ռազմական ոստիկանները հետևողական են զինված ուժերում առկա արատավոր երևույթների ու բարքերի դեմ պայքարում և հնարավորինս նպաստելու են բանակի մարտունակության ու երկրի պաշտպանունակության ամրապնդման գործին:

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում կարևորել և դրական է գնահատել ռազմական ոստիկանների աշխատանքը, ընդգծել է առկա ռեսուրսներն ու ներուժն առավել արդյունավետ և նպատակային օգտագործելու, արձանագրված հաջողություններով չսահմանափակվելու անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ռազմական ոստիկանության ծառայության կազմակերպմանն առնչվող հարցերի, առաջադրել է որոշակի խնդիրներ իրականացվող աշխատանքներն առավել արդյունավետ իրականացնելու ուղղությամբ:

Back to top button