Տնտեսական

Ներդրումներ ներգրավելու համար ԱԳՆ- ն դիմում է տնտեսական դիվանագիտության օգնությանը

karenghazaryan

ԱԳՆ- ում այսօր տեղի է ունեցել «Տնտեսական դիվանագիտություն» սեմինարի աշխատանքներն ամփոփող ասուլիս: «Տնտեսական դիվանագիտություն» խորագրով սեմինար-քննարկումը ՀՀ ԱԳՆ նախաձեռնությունն է, որին աջակցել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիա:

 

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը փորձելու է իր դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով անհամեմատ ավելի մեծացնել տնտեսական բաղադրիչի գծով աշխատանքները՝ ամփոփելով սեմինարի արդյունքներն ասաց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

Խոսքը ներդրումների ներգրավման, արտահանման խթանմանն ու զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների մասին է: «Ամենակարեւոր խնդիրն այն է, որ Հայաստանը հայտնվի ներդրողների, այսպես կոչված, կարճ ցուցակում: Այսինքն, այն երկրների ցանկում, որտեղ նրանք կուզենային ներդրումներ անել: Դրա հետ կապված մենք ունենք հսկայական աշխատանք իրականացնելու, այդ թվում՝ դեսպանատների միջոցով: Դա չի կարող լինել մեկանգամյա գործողություն եւ անընդհատ պետք է աշխատել»:

«Հայաստանում ներդրումային միջավայրի բարեփոխումների» ծրագրի ղեկավար Արսեն Նազարյանն ասաց, որ քննարկել են միջազգային փորձը տնտեսական դիվանագիտության ոլորտում: Հավելեց, որ դա սկիզբն է եւ հույս ունի, որ աշխատանքները կլինեն շարունակական եւ արդյունքներ կտան:

Միջազգային փորձն այդ աշխատանքների համար կարեւոր նշանակություն ունի: Այդ նպատակով՝ իր փորձագետների աջակցությունն է առաջարկել ՀԲ-ը: Միջազգային ֆինանսական կորպորացիայի ներկայացուցիչներից փորձագետ, առեւտրի եւ մրցունակության գծով ղեկավար Իվան Անտոն Նիմակը շեշտեց, որ անհրաժեշտ է մրցակցային խնդիրը լուծել, ինչը կարեւոր է ներդրումային միջավայրի բարելավման տեսանկյունից: Միջազգային փորձագետը շեշտեց, որ իրենք պատրաստ են օգնել Հայաստանին՝ տնտեսական դիվանագիտությունը ուղղել այնպես, որ ծառայի Հայաստանին՝ նոր ներդրումներ ներգրավելու գործում:

Խոսքը մասնավորապես միջավայրի բարելավմանը նպաստող բարեփոխումների մասին է, որին ուղղված են նաեւ կառավարության ջանքերը, ինչպես նաեւ՝ որոշ ոլորտների վրա կենտրոնանալը, որտեղ Հայաստանն ունի մրցակցային առավելություն: Միջազգային փորձագետը հույս հայտնեց, որ նման քննարկումները կշարունակվեն եւ կունենան արդյունք, քանի որ կառավարության նպատակները բավականին լուրջ են:

Back to top button