Հասարակություն

Կառավարությունը չպետք է խանգարի ՏՏ ոլորտի զարգացմանը.Հայկ Չոբանյան

hasmikdilanyan
«ՀՀ կառավարության նոր ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:  «Պետությունը պարտավոր է լինել կենտրոնական դերակատար, լինել հիմնական դերակատարներից մեկը, քանի որ այսօր մրցակցությունը ոչ թե Հայաստանի ներսում է, այլ՝ Հայաստանից դուրս: Ոչ միայն արդյունաբերություններն են մրցակցում իրար հետ, այլ՝ երկրները»,- ասել է նա։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության  փոխտնօրենի պնդմամբ՝  «Հայաստանը պետք է ունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հավակնոտ և հզոր ռազմավարություն, որը պետք է դրված լինի ցանկացած կառավարության ծրագրի ներքո»:

 

Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարությունն աչքի ընկավ ոչ միայն նոր դեմքեր ի հայտ բերելով, այլ ՝ կառուցվածքային մի շարք փոփոխություններով: Մասնավորապես, գործադիրը որոշեց ու  տրանսպորտի ու կապի նախարարությունը վերանվանեց ՝ ՏԿ և ՏՏ նախարարություն:  Կառուցվածքային այս փոփոխությունը վարչապետ Կարեն Կարապետյանն այսպես մեկնաբանեց՝

«IT- ն  կապի հետ մոտ է, կարծում եմ ճիշտ կլինի, ինքը կառավարի: Չեմ ուզում  տպավորություն ստեղծվի , որ  սուբյեկտիվ ենք անում՝ նոր կառավարիչի կարողությունների կամ  հմտությունների հաշվին, ոչ: Տրամաբանական է՝ IT- ն  ու կապը մեկտեղ լինի»:

Օրերս  կառավարությունը հաստատեց նաև իր գործունեության ծրագիրը:

Այսօր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ՀՀ կառավարության նոր ծրագրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը գրեթե առկա չէ։ Ըստ նրա՝  իրենք չեն մասնակցել այս փաստաթղթի ձևավորմանը, մինչդեռ ՏՏ ոլորտի հիմնական ուղղությունները պետք է ձևակերպված լինեին կառավարության ծրագրում: Չոբանյանի խոսքով, ծրագրում կա 10 կետ, որոնք վերաբերում են միայն էլեկտրոնային կառավարմանը:

«Բայց կառավարության այս գործողությունների ծրագիրն ընդհանրապես չի արտացոլում ռազմավարական ուղղությունները, որոնք առկա են ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման ոլորտում: Դա նշանակում է, որ մենք ունենք համակարգային խնդիրներ»։

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրենի դիտարկմամբ՝ կառավարության ծրագրում բացակայում է ոլորտի ռազմավարությունը, որն ապահովում է երկրի քաղաքականության ուղենիշը և կայուն ընթացքը կառավարությունից կառավարություն, իսկ ռազմավարության բացակայությունը բերում է նրան, որ կառավարության կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ինչ-որ մի ոլորտ կարող է դուրս մնալ:

Մինչդեռ, ըստ Հայկ Չոբանյանի, ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Հայաստանում այլընտրանք չունի:

«Ակնհայտ է, որ այսօրվա կառավարության ծրագրում նշված չէ վերոնշյալ մեսիջներից որևէ մեկը»,- ընդգծեց նա: Հայկ Չոբանյանը կարծում է, որ սա մարտահրավեր է, քանի որ ՏՏ ոլորտի զարգացումն ու լրջությունն այնպիսի մակարդակում է Հայաստանում, որ առանց ազգային ծրագիր ունենալու կամ առանց պետական մասնակցության հնարավոր չէ հաջողություն ունենալ:

«Պետությունը պարտավոր է լինել կենտրոնական դերակատար, լինել հիմնական դերակատարներից մեկը, քանի որ այսօր մրցակցությունը ոչ թե Հայաստանի ներսում է, այլ Հայաստանից դուրս: Ոչ միայն արդյունաբերություններն  են մրցակցում իրար հետ, այլեւ՝ երկրները: 25 տարի առաջ Հայաստանի ՏՏ ոլորտում աշխատում էին 100-150 հազար ինժեներներ գիտահետազոտական և տեխնոլոգիական բնագավառներում: Այսօր այդ ոլորտում ներգրավված է 15 հազար մասնագետ»:

Հայկ Չոբանյանն ընդգծում  է. « ՏՏ ոլորտում միջին աշխատավարձը կազմում է 1700-1800 ԱՄՆ դոլար, նաև նշում է՝ Հայաստանը պետք է ունենա ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում հավակնոտ և հզոր ռազմավարություն, որը պետք է դրված լինի ցանկացած կառավարության ծրագրում։ Մինչդեռ, ըստ նրա, այդ ռազմավարության բացակայությունը բերում է այնպիսի ծրագրերի, որն ունենք այսօր»:

2015-ին 2014- ի համեմատ Հայաստանում 4 անգամ ավելացավ Սթարթափերի թիվը։ Հայկ Չոբանյանը սա նաև օրենսդրական փոփոխություններով է պայմանավորում, հիշեցնում, որ ՏՏ ոլորտի սկսնակները  հարկային արտոնություններ ունեն:

ՏԿ և ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը  նույնպես կարևորում է ոլորտի զարգացումը.«Կառավարությունը միայն պետք է աջակցի, չխանգարի: Պետք է համապատասխան օրենսդրական դաշտ ստեղծի, և ինչպես վարչախետն է շատ հաճախ նշում, ցանկացած ներդրողի ձեռքից բռնի ու տանի, որ խոչընդոտները անցնեն»:

Իսկ ես հիշեցնեմ՝ ՏՏ- ն մեր երկրում տասը և ավելի  տարի է, ինչ գերակա ուղղություն է հռչակված:

Back to top button