Հասարակություն

Գլոբալ հայերի ապագան այսօր է». աշխարհի անվանի հայերը միավորման կոչ են անում

Այսօր IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» եւ The New York Times թերթերում հրապարակվել է «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակը՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից:

Նամակը հրապարակվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը եւ այլք:

Գլոբալ հայերի ապագան այսօր

 

Պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար

Այս շաբաթ աշխարհի խոշորագույն հայկական կազմակերպությունը՝ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ), Նյու Յորքում տոնում է իր 110-րդ տարեդարձը: Այս հանգրվանը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ապագան վերաձեւելու համար եւ մտածելու, թե մեզանից յուրաքանչյուրն ինչպես կարող է մասնակցել վաղվա առավել հզոր Հայաստանի կերտմանը:

Հայաստանում եւ Սփյուռքում ծառացող մարտահրավերներին դիմակայելու համար հիմնված ՀԲԸՄ-ն տարիների ընթացքում խթանել է սոցիալ-տնտեսական նախաձեռնությունները եւ աշխարհով մեկ հոգացել կրթական, մշակութային եւ մարդասիրական կարիքները: Մենք շնորհավորում ենք ՀԲԸՄ-ին Սփյուռքի համայնքներում հայկական ինքնության պահպանման գործում անգնահատելի դերի կապակցությամբ:

Նախնիների հողից բռնի տեղահանված աշխարհասփյուռ հայերն իրենց ապաստան տված երկրների զարգացման գործում մեծ ավանդ են ունեցել: Մենք վաղուց սովորել ենք ինտեգրվել մեզ հյուրընկալած երկրներում եւ հավատարիմ քաղաքացիներ լինել՝ Հայ եկեղեցու եւ քրիստոնեական մեր հավատքի միջոցով պահպանելով պատմական ինքնությունը եւ լեզուն:

Մենք ողջունում ենք բոլոր հայորդիների եւ կազմակերպությունների՝ Հայ Ավետարանչական Ընկերակցության, Հայ Օգնության Միության, Գյուլբենկյան հիմնադրամի եւ մյուսների երկարաժամկետ նվիրատվությունները, որոնք նպաստել են Սփյուռքի պահպանմանը բարեգործական ծրագրերի միջոցով:

Ւ թիվս այլոց, մենք ճանաչում ենք անկախությունից ի վեր Հայաստանի զարգացման գործում հսկայական ավանդ ունեցած բարերարներ Քըրք Քըրքորյանի եւ Լուիզ Սիմոն Մանուկյանի անունները: 1990-ականների սկզբինայս առաջամարտիկների ջանքերը կենսական նշանակություն ունեցող հաստատություններ եւ ենթակառուցվածքներ ստեղծելու հնարավորություն տվեցին:

Նախկին Խորհրդային Միությունից անկախանալուց քառորդ դար անց Հայաստանի երիտասարդ հանրապետությունը դեռեւս խոցելի է, ինչպես եւ հայկական ինքնությունն աշխարհում: Այժմ մենք պատմական խաչմերուկում ենք եւ սթափ գնահատելով առկա մարտահրավերները, առջեւում նաեւ աննախադեպ հնարավորություն ենք տեսնում:

Դա Հայկական աշխարհը բարգավաճման մղելու, հետխորհրդային պետությունը գլոբալ ազգի համար զարգացող, ժամանակակից, անվտանգ, խաղաղ եւ առաջադեմ հայրենիք դարձնելու հնարավորությունն է:

Ոչ միայն Ցեղասպանությունը վերապրելու, այլեւ վերածնվելու եւ առաջ գնալու հնարավորությունն է:

Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման հնարավորությունն է՝ ոչ միայն հանուն մեր քաղաքացիների, այլեւ երեխաների ու մեր ժողովրդի ապագայի:

Առաջ շարժվելով՝ ողջ աշխարհի հայությունն առավել հանձնառու պետք է լինի՝ սոցիալական ազդեցության թե առեւտրային ներդրումների, նորարարությունների, փորձի, թե ակտիվ ներգրավման միջոցով: Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է ձգտենք առնվազն համապատասխանեցնել Հայաստանը համաշխարհային այնպիսի չափանիշներին, ինչպիսիք գործում են մեզանից շատերին հյուրընկալած երկրներում:

Անհատական ջանքերից բացի մենք ցանկանում ենք բոլոր հայորդիների եւ հայկական կազմակերպությունների միջեւ համագործակցության եւ համախմբման աննախադեպ ոգի ստեղծել: Կոչ ենք անում հայերին ազգի սոցիալական, տնտեսական, մշակութային եւ տեխնոլոգիական ուժը վերականգնելու ուղղությամբ երկարաժամկետ ներդրումներ իրականացնել՝ առանցքում ունենալով Հայաստանը: Միեւնույն ժամանակ, մենք Հայաստանի կառավարությանը  զարգացման նոր, համատեղ ջանքերի վրա հիմնված ռազմավարություններ ներդնելու միջոցով այս ուղերձին արձագանքելու կոչ ենք անում:

Հանուն Հայաստանի առաջխաղացման աշխատող անհատները, ինչպես նաեւ հասարակական եւ մասնավոր կազմակերպությունները հայ ժողովրդի ապագան ավելի լավը դարձնելու համար պետք է համախմբվեն, միավորեն իրենց միջոցները եւ համագործակցեն: Մենք վստահ ենք, որ հաջողության հասնելու համար չի կարելի մեկուսացած՝ որպես Հայաստան եւ Սփյուռք գործել. մենք պետք է համախմբվենք եւ միասնական ուժ դառնանք:

Մենք այս քայլը նախաձեռնում ենք Հայաստանը միասնաբար առաջ մղելու երկարաժամկետ հանձնառությամբ եւ ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր կմիանան մեզ:

Միասին մենք «Գլոբալ հայերն» ենք: Եկել է ժամանակը, որ գլոբալ հայերը հանդես գան համարձակ նախաձեռնությամբ:

Back to top button