Վերլուծական

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլը

lenabadeyan
Ներքաղաքական լուրջ վերադասավորումների եւ կառավարության փոփոխության պատճառով հանության ուշադրությունը վերջին շրջանում շեղվել էր կարեւորագույն խնդրից՝ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից: Ապրիլյան պատերազմից հետո փոփոխված իրավիճակում գրեթե ամենօրյա զոհերը սահմանում փաստում են, որ Վիեննայի եւ Սանկտ Պետեբուրգի հանդիպումներում նախանշված քայլերն այդպես էլ իրականություն չեն դառնում: Բայց մի քանի օր առաջ ԵԱՀԿ ՄԽ համանախագհների տարածաշրջան կատարած այցի ընթացքում հնչեցին հայտարարություններ, որոնք արժանի են ուշադրության եւ որոշակի «մեսիջ» են պարունակում: Այս այցի ընթացքում հատկապես շատ է խոսել ՄԽ ամերիկացի համանախագհ Ջեյմս Ուորլիքը: «Ռադիոլուրը» փորձել է պարզել, թե ինչ էր նա ցանկանում հասկացնել:

 

 

Ընդամենը մի քանի օր առաջ էր, որ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Երեւանում հայտարարեց, որ հրադադարի համաձայնագիրը պետք է «հարգել»: Ով ինչպես է հասկանում այդ բառը՝ ակնհայտ երեւում է գործողություններից: Բացի նրանից, որ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը 141 կրակոց է արձակել նաեւ «Ուտյոս» եւ «ԴՇԿ» տիպի խոշոր տրամաչափի գնդացիրներից:  ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը  «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ այս դեպքում միայն «հարգանքի» վրա ապավինելը ճիշտ չէ, հատկապես ապրիլյան պատերազմից հետո, երբ շատ բան փոխվեց:

«Ուորլիքի ասածը մեղմ ասած հին է: Ե՞րբ կարող է այնտեղ իրականում բան փոխվել՝ մի քանի պայմաններ կան: Խնդիր համար մեկ՝ երբ հստակ գործեն այն մեխանիզմները, որոնք ուժեղացնում են հրադադարի պահպանման ռեժիմը՝ դիպուկահարների հետ քշել, որոշակի զինատեսակներ տրամաչափից ելնելով հետ քաշել, հստակ գործող հետաքննությունների մեխանիզմ, որը ցույց կտա հրադադարը խախտողին, պրովոկացիա անողի ն, դիտորդական առաքելության՝ նույն Կասրշիկի մանդատի լայնացում, առաքելության մեծացում: Դրան արդյունքում հասցեագրված հայտարարություններ եւ ոչ միայն հայտարարություններ, այլեւ հնարավորություն որոշակի սանկցիաների գործողությունների»:

Սրանք, ի դեպ, այն դրույթներն են, որոնք ձեռք էին բերվել ապրիլյան պատերազմից հետո Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ: Կետերն այդպես էլ մինչ այսօր կյանքի չեն կոչվել: Բայց միջազգային շատ վերլուծաբաններ այսօր արդեն ուշադրություն են հրավիրում հայտարարությունների փոփոխված «երանգների» վրա:  Առաջին նկատելի փոփոխված երանգը հենց Ադրբեջանի նախագահի խոսքերում կարելի է նկատել: Մինչ այսօր մերժելով բոլոր հնարավոր առաջարկները, նա վերջերս սկսել է խոսել ԼՂ հնարավոր կարգավիճակի վերաբերյալ հենց Ադրբեջանում քննարկումներ նախաձեռնելու մասին:

«Երանգներ» կարելի է նկատել նաեւ հենց Ջեյմս Ուորլիքի խոսքերում:  Երեւանից հետո նաեւ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ նա կոչ է արել բանակցային կետերից «ընդհանուր կոնտեքստից ոչինչ չառանձնացնել»: Ըստ էության՝ սա նշանակում է, որ փորձ է արվում վերջ դնել տարածքային զիջումների կամ խաղաղապահների տեղակայման մասին առանձին խոսակցություններին:

ՄԽ  ամերիկացի համանախագահը Ադրբեջանում բառացի նշել է հետեւյալը. «Կարգավորման բոլոր բաղադրիչները պետք է լինեն սեղանին եւ քննարկվեն: Դուք չեք կարող ընտրել մեկ հարց եւ հանեք այն կոնտեքստից: Պետք է լինի քննարկում Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների վերադարձի մասին, բայց պետք է լինի նաեւ անկեղծ քննարկում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ»:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմասն մասին խոսել է նաեւ Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը՝ այս գործընթացում նկատելով «դիվանգիտական ակտիվություն»: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս գործիչը լուրջ ջանքեր է տեսնում Ռուսաստանի կողմից: Եվ ահա հենց այս ակտիվացումների ֆոնին ԱԺ  փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ հայկական կողմը «բացառապես խնդրի լուծման խաղաղ կարգավորման կողմնակից է՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման ամբողջական իրացման ճանապարհով»:

 

Ի դեպ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը այսօր երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այնտեղ հանդիպումներ են նախատեսվում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Բացի այդ՝ ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը կլինի նաեւ առաջնագծում: Արդյո՞ք այս ակտիվացած ջանքերը վկայում են, որ միջնորդները փորձելու են որոշակի գործնական կարգավորման հասնել երկրների նախագահների ջանքերով մինչեւ 2017 թվականը: Այսինքն՝ այն ժամկետը, երբ Հայաստանում նախատեսվում են խորհրդարանական ընտրություններ՝ կառավարման համակարգի փոփոխությամբ.  «Ռադիոլուրի» հարցին՝ «Արցախ» հայրենակցական միության նախագահ, պատգամավոր Համլետ Հարությունյանի պատասխանը հետեւյալն է.

«Ստացված ինֆորմացիայից, կարծում եմ առաջիկայում պետք է հանդիպեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները: Ինֆորմացիային չեմ տիրապետում, որովհետեւ այն գաղտնի է: Հանդիպումները նախապատրաստում են կողմերի արտաքին քաղաքական գերատեսչությունները»:

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը կարող են հանդիպել Համբուրգում դեկտեմբերի 8-9 ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է, որ «անհամբերությամբ են սպասում այդ հանդիպմանը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կարեւոր բանակցությունների շարունակման համար»:

Back to top button