Հասարակություն

Հերթական նիստի հերթական հանձնարարականները

hasmikdilanyan
«Ունենք բնապահպանական խնդիրներ այն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակը նախատեսվածից շատ է»,- կառավարության այսօրվա նիստում Կարեն Կարապետյանն անդրադարձել է  մեր երկրի բնապահպանական ու ընդերքօգտագործման խնդիրներին:  Կառավարությունը պետական աջակցություն կցուցաբերվի  Բեսլան քաղաքից 6 կմ հեռավորության վրա հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին: Սիրիահայ ուսանողները նույնպես կառավարության ուշադրության կենտրոնում են: Գործադիրը նաև որոշել է՝ զինծառայողի ընտանիքի անդամ կհամարվեն նաև այլ բնակելի վայրում բնակվող նրա ծնողները:

Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական  հանձնաժողովներում սկսվելու են 2017թ «Պետական բյուջեի մասին օրենքի» նախագծի բյուջետային քննարկումները: Կառավարության այսօրվա նիստի սկզբում վարչապետ Կարեն Կարապետյանը   նախարարներին  հանձնարարեց  պատգամավորներին ու հանրությանը հասկանալի լեզվով ներկայացնել ոլորտային բյուջեների ձևավորման մոտեցումներն ու սկզբունքները:  Սա այսօրվա միակ հանձնարարականը չէր:

Բնապահպանության,  էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարները  երկու շաբաթվա ընթացքում կհամագործակցեն ՀԾԿՀ-ի հետ եւ Ջրի ազգային խորհրդին  փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունների և շահագործման լիցենզիաներ տրամադրելու ոլորտում  տիրող ներկա վիճակի վերաբերյալ  առաջարկություններ կներկայացնեն: Կառավարության ղեկավարի խոսքով, կվերանայվի 2009թ հունվարին կառավարության նիստի անձնագրային որոշմամբ հաստատված  փոքր ՀԷԿ-երի զարգացման  սխեման

«Ախուրյան, Դեբեդ, Ձորագետ, Ազատ, Արփա, Որոտան գետերի ավազաններում ՀԷԿ-երի կառուցման և նոր ջրօգտագործման թույլտվությունների նպատակահարմարության վերաբերյալ»:

Բնապահպանական խնդիրները մեղմելու նպատակով քսան տարի շարունակ շահագործված փոքր ՀԷԿ-երի համար գնագոյացման նոր մեխանիզմներ կկիրառվեն: Կարեն Կարապետյանն էլ է ընդգծում՝

«Կան արդեն բնապահպանական հնարավոր խնդիրներ ա յն գետերի վրա, որտեղ ՀԷԿ-երի քանակն ավելի շատ է նախատեսված, քան՝  երևի պետք է»:

Համապատասխան գերատեսչությունն այնպես կաշխատի, որ է ներգետիկ  անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան:

Կառավարությունում օպտիմալացման գործընթացը սկսված է՝ մեկշաբաթյա ժամկետում վարչապետին փաթեթ  կներկայացվի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչությունը լուծարելու վերաբերյալ: Վարչապետի հանձնարարականից հետո  գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը  հետաքրքրվում է, թե  ում են անցնելու  տվյալ տեսչության գործառույթները:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղեկացմամբ օպտիմալացման առաջին արդյունքներից մեկի մասին այսօր պարզ դարձավ։ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի ներկայացրած նախագծերից մեկով լուծարված «Ազգային անվտանգության խորհուրդ» աշխատակազմը լուծարվել է, խնայվել է 76 մլն դրամ, գումարը  կվերադառնա պետբյուջե:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն անհրաժեշտ է համարում վերացնել ՀՀ-ում ընդերքօգտագործման ոլորտում հնարավոր ներդրումների ներգրավման ուղղությամբ արհեստական խոչընդոտները:  Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը ստացավ վարչապետի  հանձնարարականը՝ մեկամսյա ժամկետում ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել ընդերքօգտագործման և հողօգտագործման իրավունք տրամադրելու վերաբերյալ առաջարկություններ:

«Բիզնեսը գալիս է, ընդերքօգտագործման հետ կապված թույլտվությունները ստանում է, հետագայում հողի օգտագործման հետ բազմաթիվ խնդիրներ է ունենում: Մեր խնդիրն է, որպեսզի դաշտը կարգավորենք և բիզնեսին չթողնենք միայնակ այդ խնդիրները լուծելու գործում»,- ասում է վարչապետը:

Ֆինանսական հատկացումների մասին. կառավարությունը կփոխհատուցի սիրիահայ  սոցիալապես անապահով ուսանողների ուսման վարձը,  պետական աջակցություն կցուցաբերվի հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երևան ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացրած ավտոբուսի վթարի հետևանքով զոհված և տուժած ՀՀ քաղաքացիներին: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյան

«Հատկացված միջոցներից վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն դրամ, ՀՀ-ի Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող առավել ծանր յուրաքանչյուր քաղաքացուն` 700 հազար դրամ, ՌԴ հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազար դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ»։

Կառավարությունն Ազգային անվտանգության ծառայությանն էլ հատկացրեց  9 մլն 214 հազար դրամ:  «Գումարը նախատեսված է ՀՀ տարածքում երկաթուղով իրականացվող միջպետական ռազմական փոխադրումների, երկաթուղային կայարաններում կատարվող սպասարկումների և մատուցվող ծառայությունների ծախսերի փոխհատուցման համար»,- տեղեկացրեց  ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

Back to top button