Տնտեսական

Մեկնարկել է «Արեւելյան ներդրումներ 2»-ի գործընկերների տարեկան համաժողովը

karenghazaryan
Երեւանում այսօր մեկնարկել է «Արեւելյան ներդրումներ 2» ծրագրի գործընկերների տարեկան համաժողովը: Այն «ԵՄ-ն՝ բիզնեսի համար» շաբաթվա մաս է կազմում: Մասնակիցները ԵՄ-ի եւ Արեւելյան գործընկերության ավելի քան 2 տասնյակ երկրներից են: Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատն այս ծրագիրը սկսել է  իրականացնել 2011 թ.–ի սկզբից: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրահանձնաժողովի կողմից «Արեւելյան գործընկերության» նախաձեռնության շրջանակում։ Ծրագրի նպատակը բիզնես կազմակերպություններին աջակցելն ու փոքր եւ միջին ձեռնարկություններին օժանդակելն է:

 

Թե՛ առեւտրի, թե՛ ներդրումների առումով ԵՄ-ն Հայաստանի համար կարեւոր գործընկեր է: Այս մասին վկայում են նաեւ առեւտրի եւ ապրանքաշրջանառության վերաբերյալ վիճակագրական տվյալները: Այս առումով՝ առանձնակի ուշադրության են արժանանում ԵՄ նախաձեռնությունները: Հնարավորությունների առավել զարգացումը կարեւորվում է: Դրան է միտված նաեւ «Արեւելյան ներդրումներ 2» ծրագիրը: Եվրոպական հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության ստորաբաժանման պետ Մեթյու Բուսկեի խոսքով՝ համակողմանի մոտեցումը նպաստում է գործարար միջավայրի վրա ազդող գործոնների լավացմանը: Այտեղ հարուստ փորձ կա ԵՄ անդամ երկրներում:

«Մենք լսել ենք, թե ինչն է խանգարում ՓՄՁ-ների կարողությունների ավելացմանը: Կոռուպցիան, փողի պակասը, ներդրումների բացակայությունը – սրանք խանգարող հանգամանքներ են: Մենք այստեղ ենք ձեզ օգնելու, եւ այդ աջակցությունը կարեւոր է: Կարծում ենք, որ մասնավոր հատված-պետություն համագործակցությունն այդ աջակացության պայմաններում ավելի լավ արդյունքներ կտա»,-ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ ասաց Մեթյու Բուսկեն:

Փոքր բիզնես-պետություն համագործակցությունն առավել արդյունք կտա ճիշտ ընթացքի դեպքում՝ իր հերթին համագումարում ունեցած ողջույնի խոսքում շեշտեց Եվրոպալատի տնօրեն Դիրկ Վանթիղեմը:

Միասնական լինելով՝ ավելի հավակնոտ կարող ենք լինել, քանի որ կա լավագույն փորձ, որը փոխանակվելու է, իսկ արդյունքում կփոխվի բիզնես միջավայրը՝ հավելեց Դիրկ Վանթիղեմը: Նրա խոսքով՝ ջանքերը պետք են, քանի որ դրա արդյունքում լավ միջավայրը կնպաստի, որ բիզնեսն աճի: Հենց դրան պետք է միասին ձգտենք հասնել՝ մեր ձայնը լսելի դարձնելով ձեր երկրում՝ եզրափակեց Եվրոպալատի տնօրենը:

«Արեւելյան ներդրումներ 2» ծրագիրը եւ գաղափարն արդեն մեծ հատաքրքրություն է ներկայացնում: Այն, որ մասնավոր բիզնեսի ոլորտից մասնակիցները մեր երկրի առեւտրաարդյունաբերական պալատի խողովակներով գալիս են, արդեն խոսուն ցուցանիշ է՝ ասաց ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակներում գործարարների շփումները հենց այդ առումով կարեւոր են:

«Դա մի հարթակ է նաեւ, որտեղ գործարարների փոխադարձ շփումների հիման վրա հնարավոր է դառնում ներդրումների ներգրավումն ու արտահանումների ավելացումը»:

Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը ծրագիրն իրականացնում է արդեն 5 տարի: Պալատի նախագահ Մարտին Սարգսյանի գնահատմամբ՝ ծրագրի իրականացման արդյունքում, օրինակ, վերապատրաստվել են հատկապես փոքր եւ միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներ՝ իրենց ապրանքները եվրոպա արտահանելու հետ կապված:

«Նաեւ՝ շուրջ 40 կազմակերպություն մասնակցել է եվրոպական տարբեր երկրներում մշտապես գործող ցուցահանդեսներին, որտեղ կարողացել են ծանոթանալ տվյալ երկրի շուկաներին, գտնել գործընկերներ, որոնց միջոցով նաեւ հետագայում պետք է իրենց համագործակցությունները շարունակեն»:

Մեկնարկած «Արեւելյան ներդրումներ 2» ծրագրի շրջանակներում նույնպես տարբեր միջոցառումներով աջակցություն է ցուցաբերվելու այն գործարարներին, որոնք ցանկանում են դեպի Եվրոպա արտահանումներ իրականացնել: Դա նաեւ, Մարտին Սարգսյանի խոսքով, Եվրասիական միության շրջանակներից դուրս այլընտրանք է:

Back to top button