ԿարևորՔաղաքական

Հայաստանյան դատարաններն էլ կարող են դիմել Եվրադատարան. ԱԺ- ում

lusinevasilyan

Ազգային ժողովը շարունակում է հերթական քառօրյայի աշխատանքը:  Պատգամավորներն այսօր  իրավական ոլորտից  մի շարք հարցեր են քննարկել: Մինչ այդ`  ԲՀԿ խմբակցության պատգամավորները ԱԺ նախագահին կրկին հիշեցրել են «Նաիրիտի» վերաբերյալ  իրենց  նախաձեռնության մասին ու պնդել դրա հնարավորինս շուտ քննարկումը:   Գալուստ Սահակյանն էլ տեղեկացրել է, որ կառավարության վերաբերմունքը միանշանակ չէ ու մինչ նախագծի քննարկումը դեռ լսումներ կկազմակերպվեն: Իսկ այսօր քննարկված փաստաթղթերից մեկը հայաստանյան դատարաններին մինչ վճիռներ կայացնելը Եվրոպական դատարանին հարցումներով դիմելու հնարավորություն է տալիս: Սա, ըստ ոլորտի պատասխանատուների, թույլ  կտա ավելի որակյալ վճիռներ ունենալ ու նվազեցնել  ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացվող վճիռների թիվը:

 

Այն բանից հետո, երբ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ներկայացրեց այսօր քննարկվելիք հարցերի հերթականությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավորները  կրկին տարակուսեցին՝  «Նաիրիտի» մասին օրինագիծը դրանց մեջ չէ, մինչդեռ օրակարգում է։ ինչպես քառօրյայի մեկնարկին ԲՀԿ խմբակցության ղեկավարն էր նշել, թե համապատասխան հանձնաժողովի, թե կառավարության դրական եզրակացությամբ։

Գալուստ Սահակյանն այսօր ասաց, որ եզրակացություններն այնքան էլ  դրական չեն: «Նաիրիտի» վերաբերյալ  լավ կլինի լսումներ կազմակերպեք, որովհետև երեկ էլ հայտարարեցիք, որ կառավարությունն ու հանձնաժողովը դրական եզրակացություն ունեն, ինչն այդպես չէ: Դրա համար լսումներ կազմակերպեք, կառավարությունն էլ կլինի,  հետո կքննարկենք ԱԺ նիստերում»:

Նաիրա Զոհրաբյանը տարակուսեց՝  կառավարությունն իրենց ասել է, որ դրական է տրամադրված: «Եթե նախարարն ինձ հետ խոսում է ու ասում, որ իրենց վերաբերմունքը միանշանակ դրական է, հետո փոշմանում է, ապա էստեղ պրոբլեմը ԲՀԿ-ի մեջ չէ, պրոբլեմը կառավարության մեջ է: Թող հստակեցնի կառավարությունն իր դիրքորոշումը՝ կո՞ղմ է, դե՞մ , թե՞ ձեռնպահ »:

Կառավարությունը կկողմնորոշվի մինչև լսումներ: Իսկ նախագծով ԲՀԿ խմբակցության պատգամավորներն առաջարկում են  «Նաիրիտի» վերաշահագործման նպատակով սահմանել ձեռնարկության գործունեության և կառավարման հատուկ ռեժիմ: Առաջարկվում է նաև «Նաիրիտը» հայտարարել արդյունաբերական գոտի, իսկ  70 մլն դոլարին համարժեք ներդրումային ծրագրի  դեպքում՝ 5 տարով ազատել հարկերից: Այսօր պարզ դարձավ, որ  նախագիծը կքննարկվի լսումներից  հետո միայն:

Իսկ այսօր խորհրդարանը մի շարք համաձայնագրեր էր քննարկում: Դրանցից մեկով առաջարկվում է վավերացնել  «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը: Երեկ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը բացատրում էր , որ այս վավերացմամբ  ընդլայնվում է  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասությունների շրջանակը: Մասնավորապես ամրագրվում է, որ Եվրադատարանն այսուհետ կարող է խորհրդատվություն, եզրակացություն տալ  ազգային դատարաններին  քննվող այս կամ այն գործի վերաբերյալ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը որպես հարակից զեկուցող մանրամասնում է, որ այդ եզրակացությունները պարտադիր չեն լինի, բայց կօգնեն մեր դատավորներին վճիռներ կայացնելիս: «Մենք տարեկան կտրվածքով ունենում ենք ՄԻԵԴ-ում քննվող գործեր, որոնցով Հայաստանը դառնում է պարտվող կողմ: Հիմա դատավորները ստանում են, այսպես ասենք, վիճելի վճիռներից առաջ ՄԻԵԴ-ին հարցումով դիմելու և խորհրդատվություն ստանալու հնարավորություն:  Սա , կարծում եմ, լուրջ հնարավորություն է, որ պարտվող գործերի քանակը նվազի»:

Ստացվում է, որ եթե ավելի շուտ ունենայինք այդ գործիքը, այսինքն ավելի շուտ վավերացրած լինեինք արձանագրությունը, պետությունն ավելի քիչ ծախսերի տակ կընկներ, ասում է Լյուդմիլա Սարգսյանը։ Նա նկատի ունի ՄԻԵԴ-ի վճիռներով  որպես փոխհատուցում վճարված  գումարները:

Ըստ Բեքարյանի՝ ավելի շուտ այս հնարավորությունն ունենալ չէինք կարող, որովհետև սահմանվում է, որ արձանագրությունն ուժի մեջ է մտնում 10 երկրի վավերացումից հետո: Մ ենք 7-րդ վավերացնող երկիրն ենք։ «Ավելի շուտ չէինք կարող, քանի որ դեռ 10 երկիր չի վավերացրել: Դեռ պիտի սպասենք ևս 3-ի վավերացմանը»:

Արձանագրության ուժի մեջ մտնելուց հետո նախատեսվում են նաև օրենսդրական փոփոխություններ: Իսկ թե ինչպես այս հնարավորությունը կազդի ՄԻԵԴ գնացող դիմումների, կայացվող վճիռների վիճակագրություն վրա, ցույց կտա ժամանակը:

Նկատենք միայն, որ վերջին 3 տարիներին Հայաստանի կառավարությունն ընդհանուր առմամբ  335 հազար եվրո է վճարել Եվրոպական դատարանում վեճը շահած դիմումատուներին:

Կարդացեք նաև
Close
Back to top button