ԿարևորՀասարակություն

Նախագահը մասնակցել է Ոսկերիչների համաշխարհային համադաշնության համաժողովին

karenghazaryan
Հայ ոսկերիչներն աշխարհում վաղուց են հռչակվել, եւ Հայաստանը շարունակում է այդ ավանդույթները զարգացնել: Այս մասին այսօր Երեւանում մեկնարկած Ոսկեգործների համաշխարհային կոնֆեդերացիայի (CIBJO) համաժողովի բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս մեր երկրում համաժողովն ընդունելուն: Մեկ շաբաթով Երեւանում են լինելու ամբողջ աշխարհի ոսկերչական ինսդուստրիայի ղեկավարները եւ քննարկելու են ոլորտի բոլոր խնդիրները՝ աշխարհի մասշտաբով: Դրանք հետագայում դառնում են օրենք ամբողջ աշխարհի երկրների ոսկերչական ինդուստրիայի համար:

Ոսկեգործության հայ վարպետներն ամբողջ աշխարհում մեծ ներդրում են ունեցել ոլորտի զարգացման գործում: Նրանց աշխատանքները հնուց ի վեր հռչակվել են: Նրանք արհեստանոցներ են բացել ամբողջ աշխարհում՝ նկատեց նախագահ Սերժ Սարգսյանը՝ ողջունելով Ոսկեգործների համաշխարհային համադաշնության՝ ՍԻԲՋՈ-ի հերթական համագումարի մասնակիցներին:

«Այսօր Հայաստանում ոսկերչական արտադրությունը գերակայող ճյուղերից է: Հայաստանն արդեն մի քանի տարի է՝ նշում է Ոսկերիչի ազգային օրը: Երեւանում նույնիսկ ոսկերիչների փողոց կա, որը տանում է «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոն՝ Հայաստանում անցկացվող ոսկերչական միջազգային ցուցահանդեսների կենտրոն»:

Հայաստանը բարձր է գնահատում ՍԻԲՋՕ-ի նախագահի ավանդը ոլորտի զարգացման մեջ: Երկրի ղեկավարն այդ առթիվ «Երախտագիտության մեդալով» պարգեւատրեց կազմակերպության նախագահ Գայետանո Կավալիերին: ՍԻԲՋՕ-ն միավորում է աշխարհի ոսկերչության ողջ ոլորտը՝ թանկարժեք մետաղների ու քարերի արդյունահանումից մինչեւ պատրաստի արտադրանքի իրացումը: Այն ոլորտը կարգավորող համաշխարհային հիմնական ատյանն է: Համադաշնության նախագահ Գայետանո Կավալիերին ասաց, որ աշխատում են ավելի քան 41 անդամ երկրի հետ՝ համագործակցելով բազում կազմակերպությունների հետ:

«Շատ կարեւոր է ոսկերչական արտադրության հեղինակությունն ու համագործակցությունը այդ բնագավառում: Մենք արդեն գիտենք, որ Հայաստանում կան ոսկերչության հնագույն ավանդույթներ եւ մենք խնդրանքներ ենք արդեն ստացել տարբեր երկրներից, հատկապես՝ Եվրոպայից, ԱՄՆ-ից եւ Ավստրալիայից, որպեսզի ստեղծվի մասնագիտական գիծ, որով հնարավոր կլինի ստանալ Հայաստանից արտադրանք եւ նաեւ հայ մասնագետները գնան այդ երկրներում աշխատելու»:

Համաժողովի անցկացումը Հայաստանում կարող է պատմական լինել Հայաստանի ոսկերչական ինդուստրիայի համար՝ կարծում է  Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահ Գագիկ Գրիգորյանը:

Ոլորտում Հայաստանի ներուժը բարձր է գնահատվում: Հայ ոսկերիչները լավագույններից են աշխարհում: Նրանք, սակայն, աշխատում են դրսում: Գագիկ Գրիգորյանի խոսքով, նրանց տասնյակ երկրներից Հայաստան բերելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը կարեւոր է: Երկրի ղելավարությունը գնում է հենց այդ քայլին: Այդ մասին է խոսում նաեւ ՍԻԲՋՕ-ի հերթական համաժողովի անցկացումը «Մերիդյան» կենտրոնում, որտեղ արդեն աշխատում է 6 ընկերություն, որից երեքը մեծ ֆաբրիկաներ են:

Հայ ոսկերիչների համաշխարհային միության նախագահը կարծում է, որ հատկապես հայ ոսկերիչների համար կան բոլոր հրապուրիչ պայմանները՝ ոլորտը զարգացնելու համար: Գագիկ Գրիգորյանը վստահ է, որ այս մեկ շաբաթը շատ կարեւոր է լինելու նաեւ ոսկեգործությունը որպես մասնագիտություն ընտրած երիտասարդ կադրերի համար: Այստեղ գործում է դպրոց, որտեղ կես տարվա ընթացքում երիտասարդները սովորում են ոսկերչի մասնագիտությունն ու աշխատանքի անցնում գործող ֆաբրիկաներում:

Back to top button