Հասարակություն

Ինչպես եւ ինչու հալեպահայ Գալստյանները լքեցին Սիրիան

hasmikmartirosyan

Հալեպահայերը շարունակում են ապրել պատերազմող Սիրիայում: <<Ինչու՞ չեն վերադառնում հայրենիք կամ տեղափոխվում մեկ այլ անվտանգ երկիր>>.  հարցը վերսկսված հրթիռակոծությունների ընթացքում բազմիցս քննարկվեց ու շահարկվեց: Ընդհանրացնելով կարծիքները՝ կարող ենք վերջիններս բաժանել մի քանի մասի՝ հալեպահայերը չեն վերադառնում, քանի որ ցանկանում են ապրել թեկուզ պատերազմող, բայց աշխատանք տրամադրող Հալեպում, երկրորդը՝ ունեն որոշակի պարտավորություններ երկրի նկատմամբ, երրորդ՝ Սփյուռքը չփոշիացնելու խնդիր է դրված, և չորրորդ՝ սպասում են, որ երկրում խաղաղություն կհաստատվի:

 

Գոհար և Ժան Գալստյաններն իրենց երկու զավակների՝ 4- ամյա Գեւորգի եւ 3- ամյա Ռիտայի հետ Հայաստան են ժամանել հոկտեմբերի 12-ին: Գոհարը մասնագիտությամբ բուժքույր է, Ժանը՝ սովորական աշխատող՝ պահակ: Պատերազմող Սիրիայում ծնված երեխաններն այսօր արդեն Հայաստանում են՝ իրենց խոսքով <<լույս ունեցող Երևանում>>: Լույսից, գազից, ջրից զրկված հալեպցին, չունի ամենակարևորը՝ անվտանգության երաշխիքը:

Իսկ ինչո՞ւ չէին վերադառնում կամ ի՞նչը հիմք դարձավ, որ Գալաստյանները տեղափոխվեն հայրենիք: Վերադարձի որոշումը կայացվել է սեպտեմբերի 30-ից հետո, երբ սրվեց իրավիճակը Հալեպի հյուսիսային շրջաններում և հրթիռակոծվեց քաղաքը: Արկերն ընկել են Գոհար եւ Ժան Գալստյանների բնակարանի հարեւանությամբ։ Բարեբախտաբար նրանք փրկվել են՝ պատսպարվելով նկուղում:

«Երեխաներս ու ամուսինս հեռուստացույց էին նայում, իսկ ես նրանց հարեւանությամբ էի: Հրթիռակոծության ժամանակ մեկ հրթիռ ընկավ շենքի հարեւանությամբ, ամեն ինչ փուլ եկավ միանգամից: Երեխաներս ու ամուսինս մնացին փլատակների տակ: Գոռում էի եւ օգնության խնդրում, երեխաների լացի ձայնից գնացի նրանց ուղղությամբ ու կարողացա դուրս բերել քարերի տակից, իսկ ամուսնուս գտնել չէի կարողանում: Նա ուշագնաց էր եղել, իսկ քարերն այնքան ծանր էին, որ չէի կարողանում բարձրացնել եւ նրանց այնտեղից դուրս հանել»,- ասում է Գոհարը։

Կառավարական ուժերի եւ բուժծառայությունների օգնությամբ նրանք տեղափոխվել են անվտանգ վայր, մեկ շաբաթ էլ անցկացրել Հալեպում և <<Հալեպ>> բարեսիրական հայրենակցական միության աջակցությամբ եկել Հայաստան: Ինչո՞ւ այդքան երկար տարիներ մնացին Հալեպում եւ չտեղափոխվեցին ավելի անվտանգ երկիր. հարցին Գոհարը պատասխանում է. <<Հալեպում մենք ունեինք բնակարան, աշխատանք, իսկ այսօր հայրենիքում ենք, քանի որ արդեն ոչինչ չունենք։ Ամենկարեւորը՝ վտանգված էր մեր երեխաների անվատանգությունը>>,-ասում է Գոհարը:

Ի դեպ, պատերազմող Հալեպում անգամ ընտանիքի անդամներն աշխատել են եւ հոգացել իրենց ամենօրյա ծախսերը: Լրագրողների հարցերին նրանք պատասխանում էին սիրով, բայց տարակուսած, <<Ինչպե՞ս կարող էինք վերադառնալ, չէ որ Հայաստանում կեցության տեղ չունեինք>>,- ասում են, բայց եւ ընդգծում, երբ հերթը հասավ երեխաների կյանքի անվտանգությանը, այլեւս մնալու որոշումը փոխվեց: Բարեբախտաբար, անձնագրերը եղել են մեկ այլ վայրում, այլապես նրանք չէին կարողանա Հայաստան գալ: Հայրենիքում ընտանիքին դիմավորել է Սփյուռքի փոխնախարարը։

Իհարկե, դեռ աջակցություն չեն ստացել, բայց սիրիահայերի հարցով զբաղվող կազմակերպությունների եւ անհատների կողմից ֆինանսական աջակցություն եւ 6 ամսվա տան վարձի գումար են ստացել։ <<Մենք շնորհակալ ենք բոլորից, սակայն կցանկանայինք աշխատանք գտնել ու հոգալ մեր հոգսերը>>,- ասում է Ժան Գալստյանը: <<Երեխաներս այսօրվանից մանկապարտեզ են գնում>>,- ամուսնու միտքն է շարունակում Գոհարը եւ նշում՝ նրանք ամեն օր ուրախ արթնանում են, եւ ասում՝ մամ մենք լույս ունենք:

<<Պատերազմի տարիներին ինչպես է ապրում հալեպահայը՝ առանց կենցաղային տարրական պայմանների>>, բանախոսները նշում են՝ համայնքին օգնություն տրամադրվում է տեղի կազմակերպությունների կողմից: Սիրիահայերը իրենց կամքով են մնում Սիրիայում, ոչ մեկ չի ստիպում մնալ՝ ասում է Ժանը և հերքում Սփյուռքը չփոշիացնելու համար  կազմակերպությունների կողմից դրվում են արգելքներ խոսակցությունը: Իսկ Հայաստանից ստացած հումանիտար օգնությունից շնորհակալ են, սակայն ուղարկված ուտելիքների կարիքն այսօր հալեպահայը չունի, ունի գումարի կարիք՝ նշում են:

Գալստյանների հետ Հայաստան ուրիշ եկողներ չեն եղել։ <<Նրանք անպայման կվերադառնան>>,- ասում են մեր հայրենակիցները ու նշում, որ արդեն խաղաղության սպասելու հույսը մարել է: Իսկ խաղաղության հաստատման պարագայում անգամ չեն պատրաստվում վերադառնալ։ <<Այստեղ ապահով է>>,-  փոխանցելով փորքիկների՝ Գեւորգի ու  Ռիտայի խոսքը:

Back to top button